Մեր պետության չորս ղեկավարներից ոչ մեկն իր վրա չվերցրեց Արցախի անկախությունը ճանաչելու պատասխանատվությունը, այդ պատճառով էլ այսօր հայտնվել ենք այս վիճակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Բրյուսելում ձեռք բերված համաձայնությանը, ըստ որի, Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։
«Այսօր Արցախի ժողովուրդը պայքարում է իր անկախության համար, եւ որեւէ մեկն իրավունք չունի իրեն վերապահել նրանց ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ Մենք Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու գործընթացը չպետք է պայմանավորենք Արցախով։ Ո՞վ է Հայաստանի վարչապետին իրավունք տվել Արցախի ժողովրդի փոխարեն նրանց ճակատագիրը որոշել։ Դա վարչապետի կարծիքն է, նման փաստաթուղթը դեռ պետք է վավերացվի Ազգային ժողովում։ Տեսնենք՝ ինչպես են նման փաստաթղթի պատասխանատվություն վերցնում իրենց վրա»,– ասաց Թարվերդյանը։
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե «ԱՄՆ-ն Երեւանին խորհուրդ է տալիս քշել ռուսական ռազմաբազան եւ սահմանապահներին », Թարվերդյանն ասաց. «Ամբողջությամբ համաձայն եմ Լավրովի հայտարարության հետ։ Նա ուղիղ ներկայացնում է մեր ազգին, եւ ինչ-որ տեղ ուղիղ ասում` երբ ռուսական զորքերը դուրս գան, մեկ-երկու օր կմնա անկախ ապրելու համար, դուք կկորցնեք ձեր անկախությունը։ Տարբեր իշխանավորների արկածախնդրության հետեւանքով մենք իսկապես կարող ենք հայտնվել փակուղում, կորցնել մեր պետականությունը»։











