Եթե որեւէ երկրից ապրանքը ըստ ուղեկցող փաստաթղթերի պետք է տեղափոխվի մեկ այլ երկիր, վերջնակետ, դա նշանակում է տարբեր բաներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանում 1 տոննա կոկաին հայտնաբերելու դեպքին:
«Տարբեր երկրների մաքսային մարմինները մշակում են ռիսկերը համակարգեր, ալգորիթմներ, որոնց հիման վրա պետք է վեր հանեն, թե որ բեռնատարը կամ որ կոնտեյներն են ստուգում: Բնականաբար, դրա մասին գիտեն նաեւ այս կամ այնն ճանապարհով մաքսանենգ ապրանք տեղափոխող ընկերությունները եւ կիրառում են տարբեր մեխանիզմներ, որ հնարավորինս խուսափեն:
Եթե վերջնակետ նշվում է որեւէ երկիր, այդ երկիր կարող է հասնել նաեւ բացի հենց փաստաթղթում նշված ապրանքից, նաեւ թե մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող ապրանք, թե կարող է նաեւ ճանապարհին կորել այդ ապրանքը»,-ասաց նա:
Բադասյանը նաեւ նշեց, որ առհասարակ թմրանյութերի հայտնաբերման հետ կապված ՊԵԿ-ը հաճախ հրապարակայնություն չի պահովում՝ նկատի ունենալով, որ հայտնաբերումից հետո լինելու են նաեւ այլ գործողություններ. ՊԵԿ-ի կողմից վերջերս նշանակալի դեպքեր կան բացահայտվածորի մասին առաջիկայում կհայտնեն:
Հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել մեկ տոննա կոկաին բերել Հայաստան, ինչպես ՊԵԿ-ը չի կարողացել կանխել, Ռուստամ Բադասյանը հստակ պատասխան չտվեց, փոխարենն ասաց. «Ամբողջ աշխարհը ողողված է թմրանյութերով, և, բնականաբար, դրանք հայտնվում են տարբեր շուկաներում՝ մաքսանենգ ճանապարհով անցնելով մաքսային հսկողության կետեր կամ շրջանցելով մաքսային հսկողության գոտիները, այսինքն՝ անպայման չէ, որ մաքսային հսկողության գոտիով մաքսանենգ ապրանքը մտնի:
Օրինակ` Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը որ կա, դեպքերի մեծամասնությունը ռուս սահմանապահների կողմից է հայտնաբերվում, որովհետև, օրինակ, նետում են գետի վրայով թմրանյութը կամ դրոնով տեղափոխում են և թողնում այնպիսի գոտում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել»,- ասաց Բադասյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ վերջին շրջանում Հայաստանում հայտնվում են այնպիսի թմրանյութեր, որոնք խիստ մահաբեր են, և պետք է մտածել, թե կարողություններն ինչպես զարգացնել դեմն առնելու համար:
Բադասյանը շահարկում համարեց կասկածները, որ նման ծավալի կոկաին չէր կարող Հայաստան մտնել առանց իշխանությունների առնվազն իմացության, եթե ոչ աջակցության:
Նա նշեց, որ Հայաստան մտած կոկաինը «Զվարթնոցով» չի եկել, բայց ենթադրաբար մաքսային գոտի անցել է:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն էր ներմուծել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել է և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:











