Երկու շաբաթ առաջ այս դահլիճում ես մասնակցում էի մեծ միջազգային գիտաժողովի, որին ներկա էին գիտնականներ ողջ աշխարհից, բայց այսօրվա հանդիպումն ինձ համար ոչ պակաս կարևոր է, ասում  է աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը, որն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում էր «Քիմիա» առարկայի՝ Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին ու բազմաթիվ այլ դպրոցականների։ Մեծանուն գիտնականը այս օրերին Հայաստանում մասնակցում է իր 90–ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին։

Որո՞նք են ծանր էլեմենտները, ինչպե՞ս են դրանք սինթեզվում, ինչ աշխատանքներ են կատարվում իր ղեկավարությամբ Ռուսստանի Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, որքա՞ն կարող է ընդլայնվել Մենդելեեւի աղյուսակը, եւ ինչ հատկություններ ունի 118–րդ էլեմենտը, որն իր պատվին կոչվել է օգանեսոն։ Աշխարհահռչակ գիտնականն իր դասախոսությունում այս ամենի մասին պատմում է՝ դրանք լրացնելով իր կյանքից հետաքրքիր եւ զավեշտալի դրվագներով։ Օրինակ՝ ինչպես Ճապոնիայի կայսրը խնդրեց իրեն 3 րոպեում պատմել նիհոնիում էլեմենտի մասին, որն իր անունը ստացել է Նիհոնից. Այդպես են ճապոնացիներն անվանում իրենց երկիրը։

Դասախոսության ավարտին դպրոցականները բազմաթիվ հարցեր են տալիս. հնարավո՞ր է նոր սինթեզվող քիմիական տարրերը, որոնք բացակայում են Երկրի վրա, լինեն այլ տեղ Տիեզերքում։ Կա արդյոք քիմիական տարրերի այլ պարբերականությամբ նոր աղյուսակի կարիք։

Յոթերորդ դասարանցի Միքայել Շաքարյանին հետաքրքրում էր, թե ինչու 118–րդ էլեմենտը չի կոչվել Հայաստանի անունով։ Պարզվում է՝ դա բավականին բարդ գործընթաց է, ու թեեւ նոր էլեմենտի անունը առաջարկում են գիտնականները, Քիմիայի միջազգային միությունը կարող է այն չընդունել մի շարք պատճառներով։ Օրինակ՝ Յուրի Հովհաննիսյանի առաջարկած արմենոն անվանումը չի ընդունվել, քանի որ «ար» կամ «ամ» հապավումներով էլեմենտներ արդեն կային։ «Հայկոն» տարբերակը նույնպես չի ընդունվել, քանի որ հույները Հայկին արգոնավորդներից մեկն են համարում։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դպրոցականներին առաջարկեց կրկին հանդիպել այս դահլիճում 10 տարի անց՝ Հոհյաննիսյանի 100 ամյակը նշելու։ Ասաց՝ չգիտեմ, Ակադեմիան 10 տարի անց կլինի, թե՝ ոչ, բայց Յուրի Հովհաննիսյանի 100–ամյակը նշելու ենք։

Քիմիայի օլիմպիադայի մեդալակիրները անվանի գիտնականի հետ հանդիպումից դուրս են գալիս էլ ավելի մեծ համոզմունքով, որ քիմիա առարկան ընտրելով՝ ճիշտ որոշում են կայացրել։

Մեր հարցազրույցը Յուրի Հովհաննիսյանի հետ դիտեք այստեղ։