Ոչ, ես որդուս բողոքը հետ վերցնելու կոչ չեմ արել, որովհետեւ մեր առաջին զրույցի ժամանակ որդիս իր փաստարկներով ինձ զրկել է նման կոչով կամ խնդրանքով իրեն դիմելու հնարավորությունից: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք որդուն հորդորել է հետ վերցնել զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի դեմ բողոքը, ինչպես պահանջում են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները:
Փաշինյանի խոսքով՝ ինքը երկրում չի եղել, երբ տեղի է ունեցել միջադեպը, եւ ժամանելուն պես արդեն իրավական ընթացակարգեր են սկսվել։ «Երբ ես նրա հետ զրուցեցի, նա ասաց․ «Արդյո՞ք նպատակն այն չէ, որ երկրում բոլոր հարցերը լուծվեն իրավական ճանապարհով։ Եվ ինչպե՞ս արձագանքեմ այս փաստին: Ես էլ իմ ընկերներին կամ ջոկատի անդամներին կանչեմ ու պատասխան քայլեր ձեռնարկեմ, թե՞ անհարգալից վերաբերմունքին պատասխանեմ անհարգալից վերաբերմունքով, սպառնալիքին՝ սպառնալիքով, առեւանգմանը՝ առեւանգմամբ»։ Նա ասաց, որ դա անընդունելի է։ Հայաստանի Հանրապետությունում բոլորը պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով։ Եվ նա ինձ ասաց. «Դա էր քո քաղաքական պայքարի եւ քաղաքական գործունեության գլխավոր նպատակը եւ իմաստը»։ Դրանից հետո ես որեւէ փաստարկ չունեմ՝ նման կոչով կամ խնդրանքով նրան դիմելու համար»,-ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, թե ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ Հայաստանում տեղի է ունենում ընտրովի արդարադատություն՝ նկատի ունենալով, որ վարչապետի ավտոշարասյան մեքենան մեկ տարի առաջ վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Սոնա Մնացականյանին, եւ մինչ օրս ոչ ոք պատիժ չի կրել, իսկ այս դեպքում, երբ լուրջ հետեւանքներ չկան, դատարանը կալանավորելու որոշում է կայացրել, Փաշինյանը նշեց. «Բնականաբար, շատ եմ ցավում այս միջադեպի կապակցությամբ։ Դեպքից հետո հեռախոսով զրուցել եմ զոհվածի հոր հետ, արդեն չեմ հիշում իմ կամ նրա նախաձեռնությամբ, եւ նա ինձ ասել է, որ սպասում է այդ հարցի իրավական լուծմանը։ Մի բան կարող եմ ասել, որ որդուս հետ կատարվածը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով եւ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով»:











