ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ մայիսի 22-ին, ասուլիսի ընթացքում հաստատեց ԵԽ նախագահ Շարլ Միշելի հայտարարությունը մոլորված քաղաքացների՝ հեշտացված կարգով հետ վերադարձի մասին, սակայն նշեց, որ Հայաստանում այս պահին այդպիսիք չկան։

«Ես հաստատում եմ, որ ընդհանրապես կա ըմբռնում, որ մոլորվելու հետևանքով հակառակ կողմում հայտնված զինծառայողները, քաղաքացիները պետք է հեշտացված կարգով հետ վերադառնան, բայց նաև հաստատում եմ Ձեր ասածը, որ այս պահի դրությամբ, մասնավորապես՝ Հայաստանում, մոլորված լինելու հետևանքով հայտնված ադրբեջանցիներ չկան։ Այսինքն, բոլոր ադրբեջանցիները, ովքեր այս պահին Հայաստանում են, իմանալով, որ հատում են Հայաստանի հետ սահմանը, հատել են այն։ Ես հաստատում եմ, որ ցանկացած ադրբեջանցի, ով մոլորված լինելու հետևանքով կհայտնվի Հայաստանի Հանրապետությունում, հեշտացված կարգով, հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին։ Բայց այդ պահին մենք այդպիսի քաղաքացիներ չունենք»։

Հարցին, թե արդյոք Փաշինյանը բացառում է, որ Հայաստանի կարտահանձնի սահմանն անցած երկու ադրբեջանցիների զինծառայողներին, որոնցից մեկը մեղադրվում է սպանության մեջ, նա պատասխանեց․ «Հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր և բարդ որոշումների կայացում է նախատեսում, բայց դա միակողմանի չի կարող լինել։ Իհարկե, մենք պատրաստ ենք դա քննարկել, բայց միայն իրավական ընթացակարգերն անցնելուց հետո, որովհետև մենք չենք կարող մյուս կողմից ուղղակի անտեսել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է սպանվել։ Բայց որևէ մեկի անմեղության կանխավարկածն էլ իհարկե չենք խախտում։ Հարցը, եթե չեմ սխալվում, նախաքննության փուլում է։ Նախաքննությունը, եթե համապատասխան եզրակացություն կլինի, կուղարկի դատարան, դատարանը որոշում կկայացնի, որից հետո հնարավոր եմ համարում ամենատարբեր լուծումներ»։