Արեւմուտքը չի պատրաստվում լուրջ ճնշում գործադրել Բաքվի վրա, իսկ Մոսկվան պատրաստվում էր դա անել, բայց չի անում, զբաղված է այլ խնդիրներով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա կարծում է, որ իրավիճակը մոտավորապես նույնը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ռազմաքաղաքական իրավիճակը չի փոխվել։

Նրա խոսքով՝ որևէ միջազգային մեխանիզմ չի կարող լինել, միջազգային դերակատարները կարող են անել մոտավորապես այն, ինչ այժմ անում են՝ զանգել Ալիեւին։

Փորձագետն անիրատեսական է համարում խոսել միջազգային երաշխիքային մեխանիզմների, այն է՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում զինված մարդկանց մասին. «Ո՞վ կգնա այնտեղ։ Ո՞ւմ թույլ կտա Ալիեւը։ Նույնիսկ եվրոպացի դժբախտ դիտորդներին, որոնց թիվը մի քանի տասնյակ մարդ է, Ադրբեջանը չթողեց իր վերահսկողության տակ գտնվող տարածք։ Խաղաղապահներին Ադրբեջանի տարածք թողնելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի թույլտվությունը։ Նման երաշխիք չեմ պատկերացնում։ Ֆիզիկական անվտանգություն, մշակութային իրավունքներ, երաշխիքներ՝ այս ամենը հավաքականորեն կոչվում է կարգավիճակ։ Որպեսզի մարդիկ ապահով ապրեն այս տարածքում, նրանց պետք է ինչ-որ կարգավիճակ՝ երաշխավորված միջազգային ինչ-որ մասնակցությամբ։ Այսօր ես դա չեմ պատկերացնում»,- հավելեց Իսկանդարյանը։

Նա բացատրեց, որ խնդիրն այն չէ, թե որ քաղաքում և ինչ ուժի միջնորդությամբ է կնքվելու պայմանագիրը, խնդիրն այն է, որ այդ պայմանագիրը գործի. «Դրա համար պետք է համաձայնություն ինչ-որ նախագծի վերաբերյալ, բայց այդպիսի համաձայնություն չկա։ Ադրբեջանը համաձայն չէ այն բանին, ինչ Հայաստանին է ձեռնտու, և հակառակը։ Այն, ինչ առաջ է քաշում Ադրբեջանը, ոչ թե առաջարկ է, այլ վերջնագիր»,- եզրափակեց քաղաքագետը։