Այսօր, սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ադրբեջանական «ԻնտերԱզ» հեռուստաընկերության լրագրող Մամեդխան Ահմեդովը թերի ռուսերենով փորձել է երեք հարց տալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչին: Երեք հարցերն էլ վերաբերել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային: Սակայն Ահմեդովն այնքան հուզված է եղել, որ նույնիսկ թղթից չի կարողացել կարդալ հարցերը, Լիբիայի փոխարեն ասել է Սիրիա, իսկ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անվանումն ընդհանրապես մոռացել է: Լուկաշեւիչը փորձել է օգնել լրագրողին: Ահմեդովը, զգալով աջակցություն, անմիջապես անցել է ադրբեջանցիների համար սովորական ռազմաշունչ հռետորությանը օկուպանտների եւ տուժածների մասին` մոռանալով թղթի եւ հարցերի մասին: Լուկաշեւիչը կոչ է արել զսպվածություն եւ պոլիտկոռեկտություն դրսեւորել` նաեւ կոչ անելով ծանոթանալ նախորդ բրիֆինգին, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերն արդեն արծարվել են:
Ներկայացնում ենք բրիֆինգի արձանագրությունից հատվածներ:
Մամեդխան Ահմեդով. Ես երեք հարց ունեմ: 1993 թվականին ՄԱԿ ԱԽ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունել է երեք բանաձեւ, իսկ 1994 թվականից ԼՂ խաղաղ կարգավորման հիմնախնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, միաժամանակ այդ երկրները ՄԱԿ ԱԽ անդամներ են: Ի ՞նչն է խանգարում այդ պետություններին լուծել խնդիրը:
Երկրորդ հարցս. Ռուսաստանը, լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, խաղաղության եւ անվտանգության ապահովման պատասխանատվություն է կրում: Այդ կապակցությամբ, կուզենայի իմանալ, թե ո՞րն է Անդրկովկասում ռուսաստանյան քաղաքականության կարեւոր ուղղությունը: Ռուսաստանը կարո՞ղ է լուծել առկա հիմնախնդիրները, թե՞ սեփական քաղաքական եւ ազգային շահերի համար կպահպանի լարվածությունը տարածաշրջանում:
Երրորդ հարցս. Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հանդես գալով ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում, հայտարարեց, որ Ռուսաստանն իր նպաստը կբերի հակամարտության հանգուցալուծմանը: Այդ կապակցությամբ ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Ռուսաստանը:
Ալեքսանդր Լուկաշեւիչ. Ըստ ամենայնի, դուք հաճախ չեք լինում մեր բրիֆինգներին: Լեռնային Ղարաբաղի թեման հաճախ է լինում մեր բրիֆինգներում, այդ պատճառով շատ չեմ մանրամասնի: Մենք շատ բաց ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, որն անմիջականորեն ներկայացրել ենք նախագահի մակարդակով: Ցանկանում եմ ձեզ ասել, որ պետությունների եռյակն ամբողջ Մինսկի խումբը չէ: Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն մտնում են համանախագահության մեջ, իսկ Մինսկի խումբն ավելի լայն է: Բայց սա տեխնիկական դետալ է: Մենք բազմիցս կրկնել ենք, որ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան կարգավորման կարեւոր ձեւաչափ:
Վերջերս լրացուցիչ խորհրդատվություններ տեղի ունեցան եւ տարածաշրջանում, եւ ԵԱՀԿ կենտրոնական գրասենյակում: Անցած բրիֆինգում մենք խոսում էինք այդ խորհդատվությունների արդյունքների մասին: Ես խորհուրդ կտամ ձեզ կարդալ այդ տեքստերը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա այն շատ ակտիվ է, արդյունավետ է, դա ճանաչում են կողմերն ու համանախագահողները: Դուք գիտեք, որ Ռուսաստանի նախագահն անձամբ մասնակցել է բանակցությունների մի շարք ռաունդների: Նրա հովանու ներքո, ըստ էության, մշակվել է կարգավորման սկզբունքների տեքստը, որը բանակցային գործընթացի հիմքն է: Իհարկե, ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում` կապված հակամարտող կողմերի շատ տարբեր մոտեցումների հետ: Այդուամենայնիվ, Կազանի հանդիպումը ցույց տվեց, որ կողմերի քաղաքական կամքի դեպքում կարգավորման հեռանկարը հնարավոր է:
Ինչ վերաբերում է այս կամ այն երկրի հատուկ դերին, ապա կարգավորման արդյունքը պետք է լինի Երեւանի եւ Բաքվի փոխզիջումը, իսկ մենք որպես համանախագահներ, ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ նպաստել ենք եւ նպաստում ենք պայմանավորվածությունների ձեռքբերմանը , որոնք կլինեն երկարաժամկետ եւ կդրվեն հակամարտության կարգավորման հիմքում:
Մամեդխան Ահմեդով. Դրանք հեղինակավոր կազմակերպություններ են: Ընդունվել է ՄԱԿ-ի չորս բանաձեւ: Ցավոք, դրանք մինչեւ այժմ Հայաստանը չի կատարել: Իսկ միջազգային հանրությունը լռում է: Վերջերս բանաձեւ ընդունվեց Սիրիայի, այսինքն` Լիբիայի վերաբերյալ, եւ միջազգային հանրույթունը, մասնավորապես, ՆԱՏՕ-ն անմիջապես անցավ գործի: Իսկ մեր դեպքում ամեն ինչ ձգձվում է: Մենք արդեն 20 տարի ապրում ենք լարվածության մեջ: Ե՞րբ է լինելու սրա վերջը: Կան երկու կողմեր` բռնազավթիչներ եւ տուժածներ:
Ալեքսանդր Լուկաշեւիչ. Ես հասկանում եմ ձեր հույզերը, բայց ես արդեն ձեր գործընկերներին զգուշացրել եմ, որ պաշտոնական ներկայացուցչի եւ ԱԳՆ բրիֆինգներում պետք է ընտրել ավելի կոռեկտ լեզու եւ փորձել չօգտագործել նսեմացնող հռետորություն: Պետք է հավասարակշռություն պահպանել հույզերի եւ բանակցային գործընթացի քաղաքական գծի միջեւ: Ինչ վերաբերում է որոշումներին, ապա ՄԱԿ-ի որոշումները հանձնարարական բնույթ ունեն, իսկ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է ոչ թե ՄԱԿ-ը, այլ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բանակցությունները բարդ գործ են եւ, նույնիսկ, այսքան երկար ձգվող հակամարտությունում արագ եւ հեշտ լուծումներ չեն լինում: Բայց ես մեկ անգամ եւս կրկնում եմ, որ Ռուսաստանն ու Մինսկի խմբի մյուս համանախագահները նախաձեռնում են եւ կշարունակեն նախաձեռնել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի մոտեցնեն այն պահը, երբ կողմերը կկարողանան համաձայնության գալ կարգավորման սկզբունքների հարցում: Բնականաբար, Ռուսաստանը Մինսկի խմբի մյուս պետություններից առավել է շահագրգռված տարածաշրջանի կայունությամբ եւ անվտանգության երաշխավորմամբ եւ հռետորությամբ զբաղվելու փոխարեն ավելի շահագրգռված է համագործակցության ձեւաչափի եւ տարածաշրջանային անվտանգության մասին լուրջ հայտարարություններ անելու մեջ:











