Այսօր եկել է պահը, որ Հայ ազգային կոնգրեսն իրագործի արտահերթ ընտրությունների միջոցով ժողովրդին հաշվետու իշխանությունների ձեւավորման իր նպատակը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասեյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Մենք շատ սպասել ենք այս պահին: 2008թ. օգոստոսի 1-ին ՀԱԿ ստեղծման հռչակագրում հրապարակվեց դեպի ժողովրդավարություն անցման մեր ճանապարհային քարտեզը` հավաքների ազատություն, քաղբանտարկյալների ազատում, երկխոսություն իշխանությունների հետ եւ վերջում արտահերթ ընտրությունների միջոցով ժողովրդին հաշվետու իշխանությունների ձեւավորում: Այսօր եկել է պահը, որ իրագործենք այս քարտեզի վերջին պահը: Սպասել ենք, որովհետեւ մեր ընկերները պատանդ էին պահվում, եւ մեր ձեռքերը կապված էին: Սպասել ենք, որովհետեւ իշխանությունները երկխոսության իմիտացիա էին արել: Այդ հնարավորությունը սեպտեմբերի 30-ին սպառված կարելի է համարել: Այլեւս սպասելու ոչինչ չունենք: Մեր վերջնական նպատակը արտահերթ ընտրություններն են»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով, Հայաստանում հաստատվել է քրեաօլիգարխիկ մի կեղեքիչ համակարգ, որի միակ նպատակն է մի քանի իշխանավոր օլիգարխների հարստացումը ժողովրդի հաշվին: «Այս փչացած ճորտատիրական համակարգը լայն արմատներ է տարածել: հակաժողովրդական համակարգը ջարդելու համար հարկավոր է, որ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի: Այս է մեր պայքարի իմաստը: Մենք այսօր ունենք բացառիկ շանս եւ չունենք այդ շանսը կորցնելու բարոյական իրավունք: Սա ՀԱԿ-ի պայքարը չէ, սա համազգային խնդիր: Ուստի կոչ ենք անում բոլորին, ովքեր չեն համակրում ՀԱԿ-ին, մի կողմ դնել տարաձայնությունները եւ միանալ այստեղ հավաքված ժողովրդին: Կոչ եմ անում բոլոր նրանց, ով դեռ հրապարակում չէ, անմիջապես միանալ մեր հանրահավաքին` պատմական այս գործընթացին մասնակից դառնալու համար»,- ասաց Զուրաբյանը:

Նա նաեւ նշեց, որ մարզային իշխանություններն ու ոստիկանությունն այսօր զբաղված են եղել մի գործով ահաբեկել վարորդներին, որ մարդկանց չբերեն Երեւան: «Սա լավագույն ապացույցներից մեկն է, որ իշխանությունն իրեն լեգիտիմ չի ճանաչում: Այս իշխանությունը հենվում է սվինների վրա եւ սարսափում է սեփական ժողովրդից»,- ասաց ՀԱԿ-ի անդամը:

Տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի