Այդ 1 տոննա կոկայինի հասցեատերը կարծես թե բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, որն այժմ հետախուզության մեջ է գտնվում, եւ Հանրապետական խմբակցության անդամ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չեմ կարող որեւէ մեկի անվտանգության կանխավարկածը խախտել, ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալի է հասել, ընդ որում՝ կարող են ընդգրկված լինել ամենատարբեր մարդիկ։ Մեր Քրեական օրենսգիրքը նախատեսում է հանցավոր խումբ, բայց ոչ կուսակցական պատկանելություն, հիմա եթե պարզվի՝ որեւէ մեկը Հանրպետական կուսակցության անդամ է, նշանակում է Հանրապետականներին կուսակցության նախագահի գլխավորությամբ ձերբակալե՞նք։ Կարող են լինել տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցակններ, հավատացյալներ եւ անհավատներ։ Մեծ կուսակցություններ են, կարող է պարզվել՝ կան մարդիկ, որոնք այդքան էլ նվիրված չեն գաղափարներին։ Մեր իրականությունում նման բաներ հաճախ են պատահում»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ինքն անվտանգության խորհրդի նիստում թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ իրավապահ մարմինների առաջ հարցեր է դրել եւ դրանց կատարման համար կոնկրետ ժամկետ սահմանել։
Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան, թե հնարավոր է, որ նման ծավալի թմրաշրջանառության մեջ ներգրավված լինեն պաշտոնատար անձինք, Փաշինյանն ասաց, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը հենց դա է ենթադրում։
«Հայաստանում հազարավոր պաշտոնատար անձ կա։ Մենք դրանից էլ ելնում ենք, որ պաշտոնյան առավել արագ կտրվի գայթակղությանը։ Հայաստանը, ցավոք կամ, բարեբախտաբար, Մարսի վրա չէ, առանձին գլոբուսի վրա չենք ապրում։ Աշխարհի ամենազարգացած պետություններում թմրամիջոցների շրջանառությունն աճում է, եւ թեթեւ նյութերի շրջանառությունն օրինականացնում են իրենք, որ որոշակիորեն փորձեն օրենքի հսկողության տակ պահել։











