Անցած տարիները ցույց տվեցին, որ վարչախումբը ունակ չէ իրականացնել բարեփոխումներ, եղել եւ մնում է քլեաօլիգարխիկ համակարգի երաշխավորը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
«Վերջերս ելույթներից մեկում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե 20 տարի հետո ունենալու ենք 100 անգամ հզոր ուժեղ Հայաստան: Մենք կարող ենք եւ պետք է Հայաստանը դարձնենք հզոր եւ բարեկեցիկ երկիր: Դրա համար պետք է արմատախիլ արվի օլիգարխիկ համակարգը, փոխվի իշխանության որակը, իրականացվող քաղաքականությունը:
ՀՀ քաղաքացին պետք է ձեւավորի իշխանություն ժողովրդավարական, ազատ ընտությունների միջոցով: Իսկ եթե այսպես շարունակվի, 20 տարի հետո ունենալու ենք մի քանի անգամ հարստացած օլիգարխներ, աղքատ ու սակավամարդ Հայաստան»,- հայտարարեց Դեմիրճյանը:
Նրա խոսքով, փոփոխություններն անխուսափելի են, որովհետեւ հասարակությունը հավաքվել եւ պահանջում է փոփոխություններ: «Որովհետեւ կա հասարակական պահանջ եւ մեր ժողովուրդը չի հաշտվում իրականության հետ: Մեր ժողովրդի ձգտումը ապահովելու է ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում»,- ամփոփեց նա:
Տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի











