ԱԺ-ում այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ևս մեկ անգամ հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:

«Առնվազն հասկանալի չեն այս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ: Ես կարծում եմ, որ  այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները առնվազն պետք է  պարզաբանեն, թե արդյո՞ք  դա նշանակում է հրաժարում Բրյուսելում  ձեռք բերված  պայմանավորվածություններից»,- ընդգծեց վարչապետը:

Նա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասաց, թե պետք է գործընկերներից ստանալ այս հարցի պատասխանը:

«Տեքստը, որ հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն նել, կարծում եմ՝ այստեղ պետք է լրացուցիչ  ճշգրտումներ մտցնենք, որ մեր հետագա գործողությունները պլանավորենք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով. «Սահմանների սահմանազատումը պետք է լինի մեր պայմաններով, այսինքն՝ արդար պայմաններով։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, Նախիջևան տանող ճանապարհը պետք է բաց լինի։ Հայաստանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից։ Սրանք են մեր պայմանները։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա», - հայտարարել էր Ալիևը։