Կարեւոր քայլերն առաջին հերթին պետք է անեն Արցախի նախագահն ու իշխող ուժը. նահանջելու տեղ չկա, պետք է որոշումներ կայացնել։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ներսում բոլորը հասկանում են իրավիճակը եւ պետք է պատրաստվեն բոլոր ունեցած ուժերով մեր հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց նա։

Վարդանյանը վստահ է, որ մարդիկ Հայաստանում եւ ոչ միայն կկանգնեն Արցախի կողքին։

«Բայց նրանք պետք է զգան, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի` մեր հողում ապրելու մեր իրավունքը պաշտպանելու համար: Սա պետք չէ բարձրաձայն անել»,- հավելեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Ալիեւի հնչեցրած սադրանքն այլ տարբերակ չի թողնում։

«Պետք է պատրաստվել ամեն ինչի ՝ հասկանալով, որ այս իրավիճակում պետք է ապավինենք սեփական ուժերին՝ փորձելով աշխարհին բացատրել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, չունի այնպիսի լուծում, ինչպիսին ուզում է Ադրբեջանը։ Այդ մոտեցումը կայանում է նրանում, որ մենք դառնում ենք Ադրբեջանի մաս, ինչը կհանգեցնի նոր ցեղասպանության, Արցախից հայերի վտարման։ Սա մեզ համար անընդունելի կլինի»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով՝ հիմա առավելագույնս պարզ է դարձել՝ կա՛մ հայ ես ու կանգնած ես Արցախի կողքին, կա՛մ հայ չես, եթե Արցախի կողքին չես։

Նախկին պետնախարարի համոզմամբ՝ Արցախի հայերը 1988 թվականից սկսեցին պայքարել սեփական օրենքներով ապրելու իրավունքի համար, եւ ոչ ոք չի կարող նրանց զրկել այդ իրավունքից։

«Որոշումները, որոնք կարող են ընդունել տարբեր երկրներ, ի վերջո, պետք է իրականացվեն Արցախում։ Եթե ​​Արցախի ժողովուրդն ու իշխանությունները միասին հայտարարեն, որ չեն ենթարկվելու՝ վկայակոչելով պատմական փորձը, այդ թվում՝ Նախիջեւանում, Շահումյանում եւ Խորհրդային Ադրբեջանի այլ շրջաններում ապրող հայերի փորձը, սա ամենակարեւոր քայլն է, եւ այս դիրքորոշումը պետք է հասկանա առաջին հերթին Ադրբեջանը, աշխարհը եւ Հայաստանը»,- նշեց է Վարդանյանը։

Հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել, եթե, ի վերջո, Հայաստանն Արցախն Ադրբեջանի մասին ճանաչելու դրույթով խաղաղության պայմանագիր ստորագրի, Վարդանյանն արձագանքեց՝ իրենք ամեն օր պատրաստվում են նման սցենարի։

«Մենք հասկանում ենք իրավիճակը եւ ամեն օր պատրաստվում ենք, ամեն ինչ անում ենք, որպեսզի համապատասխան մակարդակի պատրաստվածություն լինի, մեր դիրքորոշումը կլինի հստակ եւ կոնկրետ»,- շեշտեց նախկին պետնախարարը։