Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթելն ամբողջովին փոխում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնցեպցիան Հայաստանի համար: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման իրենց հայեցակարգը.
«Մեկուկես տարի է անցել իրենց բանագնացների հանդիպումներից, սակայն զրո արդյունք: Եվ ոչ միայն զրո արդյունք, ավելին, մենք ունենք հետընթաց: Էրդողանի, Չավուշօղլուի հայտարարությունները Նեմեսիսի արձանը տեղադրելու վերաբերյալ, Հայաստանի նկատմամբ պատժամիջոցը՝ Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը, ինչպես նաեւ Թուրքիայի ուղիղ սպառնալիքները Նեմեսիսի արձանը հանելու մասով. դա աննորմալ երեւույթ է, երբ երկու երկրները փորձում են հարաբերություններ կարգավորել, եւ մի երկիրը գնում է ոչ թե մեղմացման, այլ սպառնալիքի: Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար պետք է նայել ռացիոնալ, պետք է ուշադրություն դարձնել առաջին կարգավորման տխուր փորձին եւ դրա հետեւանքներին»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Էրդողանին աջակցություն հայտնելուն, եւ հարցին՝ արդյո՞ք Էրդողանի վերընտրվելը նշանակում է, որ խորանալու է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ինչն էլ բացասական իմաստով ազդելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, թուրքագետն ասաց.
«Էրդողանի ընտրվելը ոչ միայն հայ թուրքական հարաբերություններում բավականին կնճռոտ զարգացում է, այլ նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ, քանի որ Ալիեւը, կրկին ունենալով Էրդողանի աջակցությունը, կփորձի Հայաստանից կորզել մաքսիմումը: Էրդողանից հետո ավելի շատ Ալիեւն էր ուզում, որ նա վերընտրվի: Սա մեզ համար բացասական զարգացում էր, քանի որ Ալիեւը տեսնում էր, որ Քըլըչդարօղլուն այդքան էլ ոգեւորված չէր ռազմական ագրեսիայով»:











