Հայաստանի իշխանություններն Ալիևին «կանաչ լույս» են տվել՝ Լեռնային Ղարաբաղում անելու այն, ինչ կարող է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
«Եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կապահովի Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններից, ապա պետք է հաշվի առնել, որ տեխնիկան թույլ է տալիս դրան դիմել՝ առանց խաղաղապահներին վնասելու, որոնց մանդատը ուղղված է խաղաղության պահպանմանը և թույլ չի տալիս ուժ օգտագործել»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, փորձագետը վստահ է, որ եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսի, Հայաստանում աղմուկ կբարձրանա և Ռուսաստանի հասցեին քննադատությունների տարափ կլինի՝ վատ դաշինքի մեղադրանքներով։
«Ընդ որում, Երևանի դիրքորոշումն անտեսվելու է, և մոռացվելու, որ սկզբնական ռուսական տարբերակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագա տեղափոխելու մասին էր»,- հավելեց Էլբակյանը։
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական մեծ խաղ է ընթանում, որում Հայաստանը կորցրել է իր սուբյեկտիվությունը:
Նա Հայաստանի իշխանություններին անվանեց է թուրք վասալներ ու կամակատարներ, որոնք թքած ունեն Հայաստանի շահերի վրա։
«Քիշնևի հանդիպումից որևէ դրական ակնկալիք չկա։ Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ստանձնելը չի բխում Արևմուտքի շահերից»,- ընդգծեց Էլբակյանը։
Նա ընդհանրապես չի հավատում, որ Երևանի և Բաքվի միջև մեծ փաստաթուղթ կստորագրվի, քանի որ ներկայիս իրավիճակը ձեռնտու է և՛ Ալիևին, և՛ Փաշինյանին։
«Վերջինիս դա ձեռնտու է, որպեսզի երկրի ներսում պահպանի «հերոսի» կերպարը, իսկ հետո, պայմանավորվելով Ալիևի հետ, մնացածը «պատերազմի արդյունքում» հանձնել։
Եթե Արեւմուտքը որոշի, որ փաստաթուղթը թույլ կտա Ռուսաստանին դուրս գալ տարածաշրջանից, ապա այդ դեպքում, այո, փաստաթղթի ստորագրումը հնարավոր է։
Հիմա Արեւմուտքն արդեն ստանում է իր ուզածը՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի տեսքով։ Ռուսաստանը նման սցենարը կանխելու գործիքներ չունի, քանի որ եթե ունենար, այդ ամենը ժամանակին կկանխվեր Ուկրաինայում։ Բացի այդ, ռուսական էլիտայի մի մասը Հարավային Կովկասի կորուստը շատ մեծ խնդիր չի համարում»,- պարզաբանեց քաղաքագետը։
Նրա խոսքով, եթե Մոսկվան որոշի կտրուկ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում, դա կնշանակի ուղղակի առճակատում Թուրքիայի հետ։
Էլբակյանը կարծում է, որ Ռուսաստանի հնարավոր հաջողությունն Ուկրաինայում կախված է հենց Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Թուրքիայի՝ այդ պասիվ թշնամանքից։
«Ուստի Հայաստանը պետք է իր խնդիրների լուծումը փնտրի երկրի ներսում»,- եզրափակեց նա։











