Իշխանությունը պառակտված է եւ Երեւանի ավագանու սպասվող ընտրություններում  առնվազն երկու թեկնածու է ներկայացնելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը, որը սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրություններում գլխավորելու է «Միացյալ Հայաստանի» ցուցակը։

«Մարդիկ թեեւ դժգոհ էին Հայկ Մարությունյանի կառավարումից, սակայն, երբ Հայկին հեռացրին, մարդիկ սկսեցին նրան գերագնահատել՝ գուցե նրա ներկայացումների եւ ճանաչման հաշվին, նա լավ դերասան է։ Իշխանությունը պառակտված է, եւ եթե Հայկին չհաշվենք, իշխանությունը ներկայացնելու է առնվազն երկու թեկնածու։ Իշխանությունում ճաք եմ տեսնում, սակայն այս լարված իրավիճակում , երբ պետության կորստի առջեւ ենք կանգնած, խնդրում եմ արկածախնդրությամբ չզբաղվել, նրանք պետք է անգամ ամբողջ քաղաքական դաշտին միավորեն։ Վտանգավոր է այս փուլում հասարակությանն էլ ավելի պառակտելը։ Կա ճգնաժամ, իշխանությունը չի ուզում հավատալ հարցումների արդյունքներին, եթե չեն ուզում ընդունել դա, ուղղել սխալները, ուրեմն՝ մոտ ապագայում կկորցնեն իրենց իշխանությունը»,- ասաց Թարվերդյանը։

Երվանդ Թարվերդյանի կարծիքով՝ Երեւանի ավագանին պետք է առաջադրված ծրագրերից քաղի լավագույնը։

«Մեզ համար կարեւոր է, որ մեր ծրագրերն իրականան, թե ով կիրականացնի՝ էական չէ։ Քաղաքական ուժը, իհարկե, ձգտում է իշխանության, սակայն առավել ուրախ է, երբ իր ծրագրերն իրականանում են»,- նշեց Թարվերդյանը։