Էրդողանի այցն Ադրբեջան կոչված է ընդգծելու Թուրքիայի արտաքին քաղաքականության որոշ բազային կետեր։ Այս մասին «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» ծրագրի թողարկման ժամանակ NEWS.am-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Էրդողանը աջակցություն է հայտնել թյուրք ժողովուրդներին, աջակցություն Հյուսիսային Կիպրոսին։ Դա ընդհանուր առմամբ ակտիվ եվրասիական քաղաքականություն է։ Դրանք Էրդողանի ազդանշաններն են բոլորին, այդ թվում Մոսկվային»,- նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ ուղեւորությունն Ադրբեջան ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ ներքաղաքական կարեւոր բաղադրիչ է։
«Երկրորդ փուլում վճռական նշանակություն ունեցավ Սինան Օղանը՝ էթնիկ ադրբեջանցի, որն ստացավ 5 տոկոս։ Այդ մարդն աշխատել է Ադրբեջանում, Ադրբեջանի փրոմոութերն է։ Թուրքիայում 3 մլն ադրբեջանցի ընտրող կա, ուստի Էրդողանի ուղեւորությունն Ադրբեջան շատ կարեւոր ներքաղաքական գործոն է։ Նա պետք է ցույց տա, որ շնորհակալ է իր ընտրողներին»,- ավելացրել է Մարկեդոնովը։











