Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանի տարածքով հնարավոր ճանապարհը վերահսկի Ռուսաստանը, արտացոլում է հայտնի սկզբունքը՝ «քաղաքականությունը հնարավորի արվեստ է»: Ադրբեջանը չի ձգտում գնալ վրացական ճանապարհով։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի շրջանակներում ասաց ՌԴ   ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ Վրաստանը ժամանակին որպես «տանկ ինչ-որ նպատակի էր գնում՝ ասելով, որ Մոսկվան ամեն ինչում մեղավոր է՝ նայելով Արեւմուտքին»։

Նա կարծում է, որ Բաքուն փորձում է իրեն զգույշ պահել։

«Դա չի նշանակում, որ Ադրբեջանը գործում է բացարձակապես ի շահ Ռուսաստանի։ Բայց Ադրբեջանը հաճելի փոխանցումներ է կատարում Մոսկվային»,-նշեց նա։

Եթե Ռուսաստանը վերահսկի հաղորդակցությունները, ապա կստեղծվի Ռուսաստանից Թուրքիայի եւ Ադրբեջանի կախվածության իրավիճակ։

Փորձագետի գնահատմամբ՝ նման սցենարը Բաքվին եւ Անկարային կարող է եւ ձեռնտու լինել, եթե այլ ուղղություններով Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են իրենց կողմից  ինչ-որ բան առաջարկել՝ հասկանալով իրենց աճող ազդեցությունը Ռուսաստանի վրա:

«Երկու երկրներն էլ պատժամիջոցներ չեն սահմանում Ռուսաստանի դեմ, իսկ Թուրքիան նաեւ ՆԱՏՕ-ի երկիր է։ Դա նույնպես կարեւոր է, որ ՆԱՏՕ-ում չկա տոտալ միասնություն։ Ուստի գուցե այստեղ, ինչպես կարծում են Անկարայի եւ Բաքվի քաղաքական գործիչները, ինչ-որ բան զիջենք, իսկ փոխարենը ինչ-որ բան խնդրենք այլ ուղղությամբ։

Ռուսաստանը կփորձի հավասարակշռված փոխգործակցության կոկիկ գիծ անցկացնել, ինչպես դա արել եւ անում է Մերձավոր Արեւելքում։

Այժմ Մոսկվան հեռանում է ինչ-որ կոշտ առաջնահերթություններից։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում բաժին կա մերձավոր արտերկրի մասին, որտեղ գրված չեն առաջնահերթությունները, չի ասվում, թե ինչպես է Մոսկվան լուծելու ղարաբաղյան հակամարտությունը եւ այլն։ Այժմ շատ բան վտանգված է հենց Եվրասիայի տարածաշրջանից դուրս։ Հայեցակարգում չի ասվում, որ Հայաստանն Ադրբեջանից վեր է, կամ Ադրբեջանը Հայաստանից վեր է։ Եթե հնարավորություն կա չընտրել այս կամ այն երկրի միջեւ, ապա Մոսկվան դա կանի»,-եզրափակեց քաղաքագետը։