Երասխում նորմալ իրավիճակ է, մարդիկ բերքահավաք են անում, աշխատում են, բնականոն ապրում են, աշխուժություն կա գյուղում: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեցին Արարատի մարզի Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանը:
Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին, գյուղապետն ասաց, որ 10-15 րոպե կրակել են կառուցվող գործարանի ուղղությամբ. «Թիրախավորել են հիմնարկը եւ ուզում են դրանով ազդել, որ հիմնարկը չկառուցվի: Արդեն 6-7 ամիս է, որ կառուցման աշխատանքներն սկսվել են: Տարուց ավել է, որ որեւէ կրակոց չի եղել այս ուղղությամբ: Սա առաջին անգամն էր»,-ասաց նա:
Այվազյանի խոսքով, իրենք միանշանակ կողմ են գործարանի կառուցմանը: Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցիները պարբերաբար կփորձեն խոչընդոտել գործարանի աշխատանքին, նա րաձագանքեց. «Չի կարող նման բան լինել, եթե մեր կառավարությունը դեմն առնի»:
Հարցին, թե կո՞ղմ է խաղաղության համաձայնագիր կնքելուն, վարչկան շրջանի ղեկավարը դրական պատասխան տվեց. «Միանշանակ, մենք մեր երիտասարդությանը կորցնում ենք, դա մեզ պետք չի»:
Նշենք, որ Երասխ են այցելել մոտ 40 երկրի դեսպաններ, ռազմական կցորդներ ու դիվանագետներ՝ տեղում ծանոթանալու երեկ և նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածից հնչած կրակոցների առաջացրած հետևանքներին։
Օտարերկրացի դիվանագետների շարքում են Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների դեսպաններ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։











