Գործերի դռնփակության եւ դռնբացության հետ կապված խնդիրները վերջին տարիներին խայտառակ լուծումներ են ստանում. այն գործերը, որոնք պետք է քննվեն դռնփակության պայմաններում, չգիտես՝ ինչու քնվում են դռնբացության պայմաններում, զուտ այն իմաստով, որ ուզում են հասարակական հնչեղություն տալ, եւ այն գործերը, որոնք ակնհայտ չպետք է քննվեն դռնփակության պայմաններում, եւ իրականում հասարակությունը պետք է տեղյակ լինի՝ ինչ է կատարվում, քննվում է դռնփակության պայմաններում: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԲԴԽ-ի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նշենք, որ ԲԴԽ-ն դռնփակ ռեժիմով շարունակում է քննել դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
«Այնպիսի խայտառակ ապօրինություններ են կատարում, որ ցանկանում են դրանք դռների հետեւում պահել: Այն խայտառակությունը, որը կատարվում է այս վարույթով, չեն կարողանա նրանք որեւէ կերպ հասարակությանը որեւէ օրենքի լույսի ներքո ներկայացնել: Հետեւողական հետապնդում է իրականացվում բոլոր այն դատավորների նկատմամբ, որոնք ցանկանում են իրականում արդարադատություն իրականացնել: Եվ այն դատավորները, որոնք ապօրինություններ են կատարում, նրանք զերծ են մնում պատասխանատվությունից»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Անդրադառնալով Հայաստանում դատավորների նկատմամբ ճնշումների մասին Դատավորների եվրոպական միության դատապարտող հայտարարությանը՝ Սահակյանն ասաց. «Պետական մարմիններին չի հետաքրքրում մեր պետության շահը, եթե նրանց հետաքրքրի մեր պետության շահը, այդ դեպքում նոր ականջալուր կլինեն, որովհետեւ կհասկանան, որ պետության համար շատ լուրջ հետանքներ դրանք կարող են ունենալ: ԲԴԽ-ն ունի խնդիր, որ պետք է ենթարկեցնի դատավորներին, ընդ որում, ոչ թե գոնե դրանց մի մասին, այլ բոլորին են ցանկանում ենթարկեցնել, եւ թույլ չեն տալիս, որ լինեն եզակի դատավորներ, որոնք գոնե արդարադատություն կիրականացնեն»:
Անդրադառնալով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի այն դիրքորոշմանը, թե իրավախախտների կողմից պաշտպանության միջոց են նմանատիպ արձագանքները, փաստաբանն ասաց. «Այսինքն՝ նա ի սկզբանե համարում է, որ դատավորները խախտում կատարել են, այն դեպքում, երբ իրականում դատավորները խախտում չեն կատարել: Բացի այդ, իրեն չէ, որ պետք է ինչ-որ բան հարցնեին, որովհետեւ ինքն էլ գտնվում է այն նույն անձանց շրջանակներում, որոնք ամեն ինչ անում են՝ ենթարկեցնելու դատավորներին: Նա երբեւէ չի ընդունելու, որ դատավորների նկատմամբ կա անօրինական ճնշում, որովհետեւ ճնշում գործադրողներից մեկն էլ ինքն է:
Բազմաթիվ դատավորներ կան, որ խախտումներ են թույլ տալիս, բայց չեն ենթարկվում պատասխանատվության: Եթե, օրինակ, ԲԴԽ-ն համարում է, որ վերջնական դատական ակտը չտրամադրելը կարգապահական խախտում է եւ պետք է դատավորի լիազորությունները դադարեցնեն, ապա այդ նույն ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը իմ բազմաթիվ գործերով արդեն 2,5 տարի չի տալիս որոշումը, նրա նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել, նա շարունակում է այստեղ պաշտոնավարել, եւ պատասխանատվության ենթարկել դատավորներին»:
Հարցին՝ արդյո՞ք ԲԴԽ-ին կամ Արդարադատության նախարարությանը դատավորի կողմից քննադատելը խոսքի ազատության խախտում է, եւ եթե ոչ դատավորը, ապա ո՞վ պետք է լինի խնդիրների մասին բարձրաձայնողը, փաստաբանն ասաց, որ Դավիթ Հարությունյանի դիրքորոշումը հնչել է խոսքի ազատության սահմաններում.
«Դատավորներն իրավունք ունեն իրենց համայնքի շահերը պաշտպանելու: Եթե դատավորը չի բարձրաձայնում դրա մասին, ես նրան դատավոր չեմ կարող համարել: Եթե դու քո կամ քո ընկերոջ իրավունքը չես կարողանում պաշտպանել, ապա ինչպե՞ս կարող ես արդարադատություն իրականացնել: Նույն Դավիթ Հարությունյանն այն անձանցից է, որոնք իրականում արդարադատություն իրականացնող դատավորներից է, որին հնարավոր չէ ճնշել: Այստեղ նաեւ խոսքի ազատության սահմանափակման լրջագույն խնդիր կա»:
Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ լրագրողների հարցերին չպատասխանելու այն պատճառաբանությանը, թե նա դատավոր է, եւ իր սահմանադրական իրավունքն է լռելը, եւ հարցին՝ արդյո՞ք հաշվետու լինելու խնդիր չունի նա, փաստաբանն արձագանքեց. «Եթե անձը գիտի, որ օրինական գործողություններ է անում, բնականաբար ասում է այդ մասին: Եթե մարդն ակնհայտ խախտում է թույլ տալիս, որը որեւէ կերպ չես կարող արդարացնել, ի՞նչ պետք է խոսես, լավագույնը պետք է ասես՝ ես պետք է լռեմ, որովհետեւ դատավոր եմ: Նա պարտավոր է հասարակությանը հաշվետու լինել եւ ասել, թե ինչու նմանօրինակ որոշում կայացվեց»:
Հարցին՝ արդյո՞ք հրապարակային արված խոսքի առիթով վարույթ հարուցելու քննությունը կարող է դռնփակ լինել, Լուսինե Սահակյանն ասաց՝ ոչ. «Ոչ միայն դրա համար չէր կարող դռնփակ լինել, դա առավել եւս այն հարցն է, որ բոլորը գիտեին դրա մասին: Այստեղ դատավորը ընդամենը պետք է պարզաբաներ, թե ինչու է այդպես եղել: Եթե նրանք գտնում են, որ եղել է ակնհայտ խախտումը, թող անեն դռնբաց, հասարակությանն էլ հիմնավորեն, որ այստեղ առկա է խախտում: Թող հասարակությունը լսի թե՛ դատավորի խոսքը, թե՛ մյուս կողմի խոսքը»:
Անդրադառնալով 12 նոր դատավորներ նշանակվելու որոշմանը եւ այն հանգամանքին, որ այդ ցուցակում է նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականը, փաստաբանն ասաց. «Վերջին նշանակումներն այնքան գունագեղ են, որ երեւի միայն նրա խորհրդական լինելը շատ քիչ բան է ասում, որովհետեւ կարող է խորհրդական անձը լիներ, բայց իր անկախությունըհիմնավորող լիներ նաեւ եւ ինչ-որ ժամանակի առումով մենք էլ համոզվեինք, որ, այո, չնայած խորհրդականն էր, բայց ինքն իր անձն ունեցող դատավորն է»:
Հիշեցնենք, որ վարույթ հարուցելու հիմքը դատավոր Դավիթ Հարությունյանի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է: Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։
Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:











