«Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» թեմայով ԵԽԽՎ նստաշրջանին զեկուցող Փոլ Գավանը հայտարարեց, որ խոսելու է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, այլ Լաչինի միջանցքի արգելափակման հարցի մասին:

Նա Լաչինի միջանցքում հետաքննությոն անցկացնելու շրջանակում այցելել է Հայաստան, սակայն Ադրբեջանից հրավեր չի ստացել, նրա խոսքով՝ մերժել են նրա մուտքը Լաչինի միջանցք, ինչը  հակասում է Ադրբեջանի այն պնդումներին, թե Լաչինի միջանցք մուտք գործելու խոչընդոտներ չկան:

«Եզրահանգումը, որ ես արեցի, այն է, որ Լաչինի միջանցքում չկա ո՛չ ազատ, ո՛չ անվտանգ տեղաշարժի հնարավորություն»,- ասել է Գավանը, հավելել՝ եթե մարդասիրական օգնություն Կարմիր խաչն է հասցնում Արցախ, ինչ ազատ մուտքի մասին է խոսքը:

ԵԽԽՎ պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության խոսքի կիրառմանը, սպառնալիքներին, ներկայացրել հստակ օրինակներ՝ նշելով, որ նման խոսելաձևն ամբողջությամբ անընդունելի է:

Պատգամավորը անհրաժեշտ է համարել եռակողմ հայտարարությունների դրույթների պահպանումը:

Նա ընդգծել է ՝ պետք է փաստահավաք խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Պատգամավորը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ միանալ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերին:

Հիշեցնենք՝ Փոլ Գավանը փաստահավաք առաքելությամբ այցելել էր Հայաստան։