Արցախում թերսնման պատճառով հղի կին է վիժել: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Ստելլա Ավագյանը:
«Այն աղետը, որը վաղը մյուս օրը լինելու է, չոքելու է մեր դռանը, այդ խարանով Հայաստանում չի կարող մարդն ապրել: Բոլորիս ամոթ, որ ես մաքսիմումը չեմ արել, որ բլոկադան չտեւեր 6 ամսից ավելի: Մեր հասարակության մեջ լիքը մարդ ջայլամի դիրք է բռնել ու ապրում է: Այդ մարդկանց հետ բոլորս պետք է խոսեինք: Այսօր ես իմ երեխայի հետ եկել եմ այստեղ, իմանալով, որ այստեղ այսպիսի միջոցառում կա, որովհետեւ ես իմ պարտքն եմ համարում մի տուփ կաթնախառնուրդով այստեղ գալ, բայց իմ նման շատ մարդիկ պետք է լինեին այստեղ: Ինձ հունից հանում է այստեղ գտնվող մարդկանց քանակը: Այսքան հավաքվածներս համաշխարհային օվկիանոսում ընդամենը մի կաթիլ ենք: Բոլորիս ամոթ, բոլորս մեր մեղքի բաժինն ունենք»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Ստելլա Ավագյանն Արցախում տիրող իրավիճակի մեղավոր է համարում Հայաստանի իշխանությանը. «Այս խնդրի հասցեատերը երիտթուրքական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Նա է այս օրին հասցրել: Ես սարսափում եմ այն մտքից, որ կարող է մի օր արթնանանք ու տեսնենք, որ Ուկրաինա ենք դարձել»:
Նշենք, որ քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Արցախում շրջափակման մեջ գտնվող մարդկանց։ Ակցիայի մասնակիցները կաթնախառնուրդներ էին բերել եւ դիմել ՄԱԿ–ի գրասենյակին` այն Արցախ հասցնելու խնդրանքով։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ վերցնելով իր վերահսկողության տակ։ Հունիսի 15-ի առավոտյան էլ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:











