Փաստաբանական համայնքը պետական իրավասու մարմինների, միջազգային գործընկերների համապատասխան գնահատականը, ցավոք, չտեսավ: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
Նշենք, որ փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների դեպքերին:
Սիմոն Բաբայանի խոսքով՝ փաստաբաններն օժտված են օրենքով ամրագրված մի շարք երաշխիքներով՝ փաստաբանին խուզարկելու գաղտնալսելու արգելքը, որևէ խոչընդոտի արգելքը, որը խոչընդոտում է նրա գործունեությանը և այլն, սակայն, ըստ նրա, վերջին ժամանակաշրջանում բացարձակ անտեսվում են այդ երաշխիքները և ավելին, ենթարկվում են բռնության.
«Առ այսօր մենք չենք տեսնում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը: Միջադեպքում ներգրավված անձինք այսօր շարունակում են իրենց պաշտոնավարումը, և մեր համայնքը չի տեսնում այն միջոցները, որոնք պետք է կիրառվեր նմանատիպ իրավիճակում»:
Բաբայանը հայտնեց, որ փաստաբանները երթ են անցկացնելու դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք. «Մենք երթով գնալու ենք դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք և հանձնելու ենք մեր նվերը ոստիկանական բաժանմունքին, որպեսզի էլ ավելի արդյունավետ իրականացվի վերջիններիս աշխատանքը»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։
Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։
Նշենք, որ փաստաբանները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպել: Նրանք գլխավոր դատախազին հեռուստացույց են նվիրել՝ բռնության դեպքերի մասին իրազեկելու նպատակով, ՆԳՆ շենքի մոտ են գնացել, որի ընթացքում փաստաբաններից մեկը եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով, նրանք իրենց պահանջագիրն են ներկայացրել ՆԳՆ-ին: Ըստ փաստաբանների պահանջի՝ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից:











