Ռուսաստանում «Վագների» շուրջը տեղի ունեցողը իրենց ներքին գործն է և այս փուլում Հայաստանին չի վերաբերում։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ վնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ռուսաստանյան վերջին իրադարձություններին։

«Դա իրենց ներքին գործն է, բնական է, բացասական անդրադարձ կլինի, որովհետև աշխարհի յուրաքանչյուր կետում հեղափոխության, ապստամբության նման իրադարձությունները դրական չեն կարող լինել, էլ չեմ ասում, որ մենք տարբեր ձևերով կապված են Ռուսաստանի Դաշնության հետ՝ տարբեր պայմանագրերով, բայց դա իրենց ներքին գործն է»,-ասաց նա:

ԱԺ նախագահը չբացառեց, որ եթե իրադարձությունները շարունակվեն, ապա դրանք կարող են բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի վրա։

ԱԺ նախագահը խաղաղություն մաղթեց ռուս ժողովրդին։

Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքեց և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակեց հանցավոր արկածախնդրություն, հարված թիկունքից և դավաճանություն։

Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։