Հատկանշական է, որ այն ոստիկանները, որոնք բռնություն են գործադրել փաստաբանի նկատմամբ, այսօր փատաբանի կարիք ունեն. այսինքն՝ բումերանգը բոլորի դեմ է շրջվելու: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը:
«Նախկին պաշտոնյաները, որոնք այժմ անցնում են քրեական գործերով, ժամանակին փաստաբանների նկատմամբ ոտնձգություններ էին ձեռնարկում, այսօր նրանք փաստաբանի կարիք ունեն: Մեր պայքարը այս առումով միայն մեր իրավունքների կամ մեր պաշտպանության համար չէ: Ի վերջո, նաև փաստաբանի գործունեությունը, հանդիսանալով իրավապաշտպան գործունեություն, յուրաքանչյուր անձի իրավունքի համար է: Նրա համար է, որ ոստիկանության բաժնում որևէ մեկի նկատմամբ բռնություն կիրառվի, որևէ անձի խոշտանգեն, այդ փաստաբանը պատշաճ համառություն ունենա՝ արձագանքելու դրան: Մենք ուզում ենք, որ փաստաբանները վախենա՞ն, չարձագանքե՞ն»,- ասաց Հարութ Ակլունցը:
Նրա խոսքով՝ հատկանշական է, որ երկու դեպքով էլ երբ փաստաբանները բռնության են ենթարկվել, խոշտանգման դեպք է եղել. «Այսինքն՝ երկու դեպքում էլ փաստաբանները փաստորեն իրենց հարվածի տակ դնելով, իրենց անձնական անձեռնմխելիությունը վտանգի տակ դնելով, գնացել էին իրենց վստահեորդների պաշտպանությունը: Հիմա ուզում ենք, որ դա այլևս այդպես չլինի՞»:
Հարութ Ակլունցը շեշտեց, որ այդ դեպքերով պետությունն է պարտավոր պատշաճ քննություն կատարել և պատժել մեղավորներին. «Հակառակ դեպքում կունենանք ինքնադատաստանի դեպքեր կամ ոտնձգության, ինքնադատաստանի դեպքեր»:
Նշենք, որ փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների դեպքերին:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։
Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։
Նշենք, որ փաստաբանները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպել: Նրանք գլխավոր դատախազին հեռուստացույց են նվիրել՝ բռնության դեպքերի մասին իրազեկելու նպատակով, ՆԳՆ շենքի մոտ են գնացել, որի ընթացքում փաստաբաններից մեկը եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով, նրանք իրենց պահանջագիրն են ներկայացրել ՆԳՆ-ին: Ըստ փաստաբանների պահանջի՝ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից:











