Հոկտեմբերի 3-ին եկավ տեղեկատվություն, որ որոշում է կայացվել, որ ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել, այսինքն զորքերը ամբողջությամբ դուրս բերել: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես միանգամից կապ հաստատեցի ԼՂ իմ գործընկերների հետ եւ ասացի՝ որքանո՞վ է ճշտ, որ նման որոշում կա: Ինձ ասացին, որ իսկապես նման որոշում կա:
ԼՂ նախագահի հետ խոսեցի, հետո նաեւ ՊԲ հրամանատարի հետ: Քննարկումների արդյունքում ինձ ասվեց, որ շատ լուրջ վերլուծության արդյունքում կայացված որոշում է: Ասացի՝ ո՞վ է արել այդ վերլուծությունը եւ ով է կայացրել որոշումը, եւ ինձ ասվեց, որ Մովսես Գրանտիչն (Մովսես Հակոբյան) է այդ ռեկոմենդացիան տվել: Ես ասաից՝ մի րոպե, նախ, Մոսվես Հակոբյանն ի՞նչ գործ ունի այդտեղ, դա իր աշխատավայրը չէ:
Ես Արցախի նախագահի հետ խորհրդակցելով, եւ ի պատիվ նրա, ինքը որոշում կայացրեց եւ մի խմբով գնաց իրադրությունը տեղում գնահատելու:
Այնտեղ գնահատականն այն էր, որ եթե մեր զորքը չհեռանա, ամբողջությամբ հայտնվելու է շրջափակման մեջ, Մովսես Գրանտիչը ասում է՝ րոպե առաջ պետք է 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել:
Ի պատիվ ԼՂ նախագահի, նա գնաց, տեղում գնահատեց իրավիճակը եւ այդ տարածքն այսօր հայկական վերահսկողության ներքո է»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ ընդգծեց. «Արեգասարը եւս այդ տարածքում է: Արեգասար բարձունքի հետ կապված դրվագ ունենք, երբ ադրբեջանցիները գրավում են, հետո մերոնք տեղում կողմնորոշվում են, հակագրոհով հետ են վերցնում, եւ մեր գեներալներից մեկն ասում է՝ իջեցրեք զորքն այնտեղից; Սրանով քրեական գործ կա,մ որն արդեն դատարանում է»:











