Վերջին տարվա ընթացքում իրավիճակը հանքարդյունաբերության ոլորտում մի փոքր բարդացել է դրամի՝ 20 տոկոս աճով պայմանավորված։ Այս մասին հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ոլորտի ռազմավարության շուրջ կլոր սեղան քննարկման ընթացքում նշեց «Լիդիան Արմենիա»–ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։
«Ե՛վ միջին, և՛ փոքր հանքարդյունաբերողները ինչ-ինչ խնդիրների առաջ են կանգնում: Սակայն դա իրողություն է, մենք չենք կարող փոփոխել: ԱԺ-ում քննարկումն էլ ցույց տվեց, որ պետությունը չի կարող մեզ այդ հարցի շուրջ աջակցել»,- ասաց նա։
Արձագանքելով Ազգային ժողովում քննարկմանը՝ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշեց, որ քննարկման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները հորդորում էին կառավարությանը ինչ-որ գործիքներով ազդել Կենտրոնական բանկի վրա, որպեսզի փոխարժեքի վրա արհեստական ազդեցություն կարողանանք ունենալ։
«Բայց սահմանադրությունը և մեր օրենսդրությունը նման տեսակի լիազորություններ կառավարությանը չի տվել։ Իսկ Կենտրոնական բանկը իր լիազորությունների շրջանակում միայն գնաճի հետ կապված գործողություններ կարող է անել, բայց փոխարժեքի վրա արհեստական ազդելու գործառույթ չունի»,- ասաց Հարությունյանը։
Փոխնախարարի խոսքով՝ հանքարդյունաբերությունն այն ոլորտներից է, որ եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի բոլոր ծրագրերով կարող է մասնակից լինել կառավարության աջակցության ծրագրերին։
«Այս պահին գործում է կառավարության կողմից աջակցության ծրագիր, որով կազմակերպությունները կարող են լիովին նոր տեխնիկա կամ արտադրական հաստոցներ ձեռք բերել 0 տոկոս լիզինգով, որովհետև այդ տոկոսագումարը, որը սահմանված է բանկերի կողմից՝ կառավարությունը վերցնում է իր վրա: Սա ոլորտին նոր շունչ հաղորդելու համար բավականին լավ ծրագիր է, որովհետև ոլորտի արտադրողականության բարձրացումն ավելի նոր տեխնիկայով աշխատելը միայն ոլորտին օգուտ է լինելու:Համոզված եմ, որ օգտվելով նման տեսակի ծրագրերից, ոլորտի կազմակերպությունները կկարողանան թարմացնել պարկը և նոր տեխնիկայով նվազեցնել բնապահպանական արտանետումները»,- նշեց նա:











