Եթե Ռուսաստանն այս աշխարհաքաղաքական իրադրության մեջ չի ուզում ուղիղ հակադարձել Ադրբեջանին եւ Թուրքիային, դա անում են Իրանն ու Հնդկաստանը, իսկ Չինաստանը հեռվից ասում է՝ ես այստեղ եմ, հանկարծ չփորձեք այդտեղ փոփոխություններ իրականացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Այսօր աշխարհում նոր ոստիկաններ են հայտնվել: Եթե երկար տարիներ ԱՄՆ-ն համարվում էր աշխարհաքաղաքական ոստիկան եւ պատժում էր աշխարհի տարբեր անկյուններում՝ իր շահերից ու մոտեցումներից ելնելով, հիմա միգուցե ի նպաստ մեզ, ոստիկանների թիվը շատացել է․ ամեն պետություն իր շահերից ելնելով օրենքներ ու կանոններ է թելադրում»,- ասաց նա:
Թարվերդյանի խոսքով՝ Արեւմուտքը խրխուսում էր Ադրբեջանին, նրանից բարձր գներով նավթ էին ձեռք բերում, որ գումարներ գեներացնեին, զենք գեներացնեին, իսկ թիրախն Իրանն էր. «Հիմա էլ այդ տարածքներում ռազմական օդանավակայաններ են կառուցվում, ի՞նչ է, դա մեզնից պաշտպանվելու համա՞ր են անում: Պատրաստվում է պատերազմ Իրանի դեմ: Իսկ Ադրբեջանը համարում է, որ Արցախն արդեն կուլ է տվել, որովհետեւ ինչ ասում են՝ մեր «լավ տղան» անում է: Նա տվել է Արցախը, բայց ժողովուրդը չի տալիս: Նրանք մե՛կ ժողովրդին են մեղադրում, մե՛կ՝ Իրանին, որովհետեւ Իրանը բացահայտ ասում է՝ թույլ չեմ տալու, սա իմ տարածաշրջանն է: Ռուսաստանն էլ հեռակա բացատրում է, որ այստեղ զորախումբ ունի, դեռ երկու տարի կա»:
Թարվերդյանը նկատեց, որ Հայաստանի բոլոր նախագահները բանակցել են Արցախի անունից, սակայն դրա իրավունքը չեն ունեցել. «Նրանք փորձել են ձգել, ինչ-որ բան անել, բայց դրա իրավունքը չեն ունեցել․ Հայաստանի բոլոր իշխանությունները միջազգային կառույցներում ունեցել են միայն միջնորդի կարգավիճակ: Ցավոք, Արցախի իշխանություններն են շատ պասիվ եղել, Արցախում նշանակովի կամակատարներ են ընտրվել, հիմա էլ է այդպես: Փառք Աստծո, անցյալ տարվանից ժողովուրդը տեղից շարժվեց, հասկացավ, որ ինքը պետք է իր իրավունքները պահի»:
Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Բաքուն ու Ստեփանակերտը պետք է երկխոսեն միջազգային մեխանիզմի ներքո, Երվանդ Թարվերդյանն ասաց. «Արցախում ՀՀ քաղաքացիներ են ապրում։ Ինչպե՞ս կարող ենք նրանց հանդեպ անտարբեր լինել, ասել գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք: Դա սխալ մոտեցում է»:
Նա անդրադարձավ նաեւ Վաշինգտոնում Միզրոյան-Բայրամով ընթացող բանակցություններին եւ դրանից ակնկալիքներին. «ԱՄՆ-ն հայտարարել է՝ կա՛մ հանձնվեք ինքնակամ, կա՛մ մենք ուժ կկիրառենք ձեր նկատմամբ: Ակնկալիք ունենանք, որ հանկարծ Լաչինի միջանցքով ամերիկյան զորքերը չգան եւ չպարտադրեն, որ զոռով ենթարկվեք: Մենք գնում ենք բանակցելու մի պետության տարածքում, որի որոշ մարմիններ բացահայտ հայտարարում են մեզ, որ մենք ուժ կկիրառենք ձեր նկատմամբ: Այդ դեմոկրատական երկիրը հայտարարում է՝ գնացեք ու հանձնվեք, որովհետեւ այդ տարածքում դուք ինձ հետաքրքիր չեք, ինձ պետք է, որ ռուսական զորք չլինի: Ձեր անվտանգության վրա թքած ունեմ»:
Թարվերդյանը հավելեց, որ մենք պետք է փորձենք պահպանել Արցախը, իսկ եթե չենք կարողանում իրականացնել գրագետ դիվանագիտություն, այնքան տղամարդկություն ունենանք, որ ասենք՝ մենք չենք կարողանում, եկեք դուք, արեք. «Մի՞թե իշխանատենչությունն ավելի կարևոր է, քան պետությունը եւ պետականությունը»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ գործող իշխանություններն ասում են, որ ժողովուրդն իրենց քվե է տվել, ինչպե՞ս այդ քվեն թողնեն ու գնան, նա արձագանքեց. «Թող հանրաքվեի դնեն հարցը, այդ թվում՝ Արցախի հարցը: Ժողովուրդը նրանք երկիրը կառավարելու քվե է տվել, ընդ որում, այդ քվեն տվել է, որ հանկարծ երկրորդ եւ երրորդ նախագահները չվերադառնան իշխանության, այդ վատ հեքիաթը չվերադառնա։ Ես ինքս կողմնակից եմ, որ այդ կոռումպացված բուրգը չվերադառնա կառավարման, որքան էլ նրանք ձգտում են, ինչքան էլ մեծ ռեսուրսներ ունենան: Այո, այս իշխանությունն ընտրված է, բայց իր նախընտրական ծրագրերում ուրիշ բան է խոսք տվել: Հիմա ձեր նախընտրական ծրագրին հակառակ բաներ եք ուզում անել՝ ասելով, որ քվե ունեք ժողովրդից»,-ընդգծեց քաղաքական գործիչը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երբ գրում եմ իմ մեղադրական եզրակացությունը, ինչ-որ պահի հասնում եմ փակուղու, Երվանդ Թարվերդյանն ասաց. «Այս իշխանությունը մեղավոր է, որ եկել է իշխանության, որովհետեւ անգամ իր մեղքի բաժինը գրելուց է գալիս հասնում փակուղու: Ինչպես իշխանությունները հայտնել են՝ արտաքին դիվանագիտության մեջ փակուղի է, տնտեսության մեջ փակուղի է, չնայած կա թվացյալ աճ, դրամավարկային քաղաքականության մեջ է փակուղի, սա փակուղիների իշխանություն է»:
Մանրամասերը՝ տեսանյութում











