Մեքսիկայում ձերբակալել են Մենտերեյում խաղատան վրա հարձակման մեջ կասկածվող Խոսե Ալբերտո Լոերո Ռոդրիգեսին։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն Ռոդրիգեսը ձերբակալվել է հոկտեմբերի 4-ին, վարձու բնակարանում։ Բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է 15 ինքնաձիգ, երկու նռնականետ, զինամթերք եւ թմրանյութ։ Ռոդրիգեսի հետ միասին ձերբակալվել է եւս երեք տղամարդ, որոնք «Լոս Զետես» հանցավոր խմբավորման անդամներ են։ Նշվում է, որ Ռոդրիգեսը եւս այդ խմբի անդամներից է։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 25-ին  Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում խաղատներից մեկի վրա հարձակում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհվել էր 52 մարդ։ Հանցագործները պահանջել էին, որ խաղատան այցելուները լքեն շինությունը, եւ այրել էին այն։ Խառնաշփոթում մի քանի տասնյակ մարդ շենքից դուրս գալու փոխարեն անցել են խաղատան ներքին սենյակներ, իսկ հրդեհի տարածումից հետո չեն կարողացել լքել կառույցը։