Ադրբեջանին պետք է ստորագրել խաղաղության պայմանագիր, նա ժամանակ չի ձգում, այլ հարց, որ Ադրբեջանին խաղաղություն պետք չի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական բանակցությունների մասին խաղաղության պայմանագրի շուրջ:

«Ադրբեջանը հասկանում է, որ իր համար բացվել է լավագույն պատուհանները: Թուրքիայում հաղթել է Էրդողանը, Արեւմուռտքի համար ինքը հետաքրքիր է բոլոր առումներով, Ռուսաստանն ունի լրջագույն խնդիրներ, այս պրագայում ինքը հասկանում է, որ լավագույն պատուհանն է բացվել, բայց երկար չեն կարող տեւել եւ ինչ-որ ժամանակ հետո փակվում են: Բայց տարածաշրջանի հիմնական խաղացողները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան դեռ չեն եկել համաձայնության: Գլոբալ առումով խաղաղություն կլինի տարածաշրջանում միայն այն ժամանակ, երբ իրենք գան համաձայնության»,- ասաց նա:


Վերլուծաբանը կարծում է, որ մենք արցախյան հարցում դաշնակիցներ կարող ենք ունենալ այն պարագայում, երբ որ ինչ-որ մի պետություն մեզ պես հավասար թշնամանար Ադրբեջանի հետ:

«Այդ պարագայում Հայաստանն ու այդ պետությունը մեխանիկորեն կլինեին դաշնակիցներ: Ընդ որում՝ Հայաստանի հատուկ ծառայությունները պետք է երեսուն տարի դրանով զբաղվեին, որպեսզի փչացնեին Ադրբեջանի հարաբերությունները բոլոր հարեւան եւ ոչ հարեւան պետությունների հետ տարբեր օղակներում, ինչպես Իսրայելն է փչացնում բոլորի հարաբերությունները՝ դրանց վրա ծախսելով չնչին գումարներ»,-ասաց նա:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի ելույթին, Կիվիրյանը նշեց, որ չնայած երկիրը կանգնած է ծանրագույն մարտահրավերների առջեւ, Փաշինյանը իր մշտական գործունեության մեջ է՝ կրկեսը շարունակել ամեն գնով:

«Այս հանձնաժողովը կազմված է մարդկանցից, որ ոչինչ չեն հասկանում: Նիկոլ Փաշինյանը այնտեղ ոչինչ չի հասկանում, ուր մնաց իր հավաքած ուսապարկերը հասկանան: Հայաստանի ծանրագույն աղետը՝ պարտությունը, վերածել են կրկեսային ներկայացման, իրար ջան ասելով, ջան լսելով, շոու էին անում: Նիկոլի ելույթի ողջ նպատակն էր իր շոուով պողոսներին հերթական անգամ մոլորեցնել: Եթե իրական քննություն ես ուզում իրականացնես, պարզ է, որ ամբողջը գաղտի տվյալներ է պարունակում, որն անընդունելի է հրապարակայնացնել: Եթե նժարի վրա դնենք, պարզ է՝ Գասպարյան Օնիկի խոսքը հարյուրապատիկ ավելի արժանահավատ է, քան Նիկոլի ցանկացած խոսքը: Նիկոլ Փաշինյանի հերթական հանցագործությունը կայանում է նրանում, որ կողմերը սկսում են գաղտնի տվյալներ հրապարակել՝ փլուզելով պետությունը, դա անթույլատրելի է»,- ասաց նա: