Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին առաջարկել է Արցախի պատգամավորների հետ նիստ անել, սակայն նա մերժել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Երբ նոր էր ձեւավորվում խոհրդարանը, մենք առաջարկեցինք Արցախի հարցով հանձնաժողով ստեղծել: Իշխանական պատգամավորները հայտարարեցին, որ դրա իմաստը չեն տեսնում, որովհետեւ կա ավելի բարձր կատեգորիայի հանձնաժողով՝ Արցախի եւ Հայաստանի Ազգային ժողովների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովներ: Նույն տրամաբանությամբ նրանք չուզեցին Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցով հանձնաժողով ստեղծել: Բայց այդ հանձնաժողովը, որի նախագահը Ալեն Սիմոնյանն է, ոչ մի անգամ չի հանդիպել, որեւէ անգամ որեւէ նիստ չի արել, չնայած ընդդիմադիր 2 ֆրակցիաներն են պահանջել նիստ գումարել, ընդդիմադիր պատգամավորները պահանջել են, որ նիստ գումարվի, բայց այդպես էլ նիստ չի գումարվել: Ակնհայտ է, Հայաստանի իշխանությունները ուղղակի վախենում են ոչ միայն Արցախի Հանրապետություն բառը հնչեցնել, այլ նույնիսկ կապեր պահպանել: Ես չգիտեմ՝ կա՞ անձնական հարաբերություն, թե՞ ոչ, բայց խորհրդարանների նախագահների մակարդակով էլի ես չգիտեմ՝ կա՞ն հարաբերություններ, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը:

Խաչատրյանի խոսքով՝ Արցախի ընդդիմադիր պատգամավորները ասում են, որ իրենք չեն լիազորել Հայաստանի իշխանություններին՝ իրենց համար գնալ եւ բանակցել. «Այսինքն՝ ՔՊ-ականները եւ Ադրբեջանի իշխանությունները գաղտագողի Արցախի ժողովրդի ճակատագիրն են որոշում, անգամ Արցախի ժողովրդին այդ մասին առանց տեղեկացնելու»:

Արթուր Խաչատրյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի միջեւ կա կապ. «Չմոռանանք, որ Արայիկ Հարությունյանն այն անձն էր, որ հունիսի 20-ի գիշերը անցկացրել էր ՔՊ-ի շտաբում, երբ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում էր, եւ հիշում ենք Արայիկ Հարությունյանի լայն ժպիտը»: