«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում, որ Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ կապը խզվել է։

«Ալեն Սիմոնյանը շատ հանգամանալից ներկայացրել է՝ քանի հանդիպում է եղել, որ միջխորհդրարանական հանդիպումներ են եղել, բայց տվյալ անգամ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն է առաջարկել հետաձգել։ Պատգամավորներն ուղիղ կապի մեջ են արցախցի պատգամավորների հետ, զանգերը միշտ լինում են, բայց խնդիրն այլ տեղ է, չի կարելի մեզ մեղադրել, որ Արցախի հարցով ոչինչ չենք անում»,- նշեց Աղազարյանը։

Աղազարյանն ասաց, որ չի հավատում մամուլի հրապարակումներին ըստ որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի միջեւ ուղիղ կապ չկա, անգամ Փաշինյանը չի պատասխանում Հարությունյանի հարցերին։

«Չեմ հավատա անգամ եթե հաստատի Նիկոլ Փաշինյանը։ Ես գիտեմ նրա պատասխանատվության աստիճանը, եւ բացառում եմ, որ նա չպատասխանի Արայիկ Հարությանի հեռախոսազանգերին»,- ընդգծեց Աղազարյանը։

Աղազարյանի խոսքով՝ ինքն ունի արցախցի մտերիմ պաշտոնյաներ, որոնց հետ կապ է պահում։

«Իհարկե, ծանր է վիճակը, բայց խաղաղության հասնելն էլ հեշտ չէ, զրկանքներ, կորուստներ եւ զոհաբերություն է պահանջվում։ Հիմա պետք է միջազգային հանրությունը որոշի Արցախի եւ Ադրբեջանի բանակցությունների բանաձեւը։ Երկար է պետք դիմանալ, որքան որ հնարավոր է։ Մենք հնարավորություն չունենք Թուրքիայի եւ Ադրբեջանի բհետ ռազմական ճանապարհով հարց լուծելու, ուրեմն պետք է խնդրենք աշխարհի հզորներին խնդիրն այլ կերպ լուծել»,- նշեց Աղազարյանը։