ԼՂԻՄ-ի խորհրդային շրջանում ունեցած կարգավիճակի հարցը պետք է դնել բնակցային օրակարգում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Ես շատ զգույշ եմ ասում: Այդ փաստի գոյությունը, որ խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, այս փաստը պետք է լինի այսօր բանակցությունների օրակարգում: Եկեք չմոռանանք, որ այդ փաստն է, որ 1991-ին Արցախի ժողովրդին հնարավորություն տվեց ձգտելու ինքնորոշման, անցկացնելու հանրաքվե: Դա միջազգային հանրության համար ընդունելի դարձավ հենց այդ փաստի գոյությամբ, որ ԼՂ ժողովուրդը խորհրդային շրջանում ունեցել է ինքնավար մարզ: Դա պետք է այսօր բերել, դնել սեղանի վրա: Դա նոր հնարավորություններ կբացի քաղաքական ու իրավական ինչ-որ լուծումների գնալու բանակցությունների արդյունքում: Սրան հակափաստարկ ուղղակի չի կարող գոյություն ունենալ: Միջազգային հանրությունը սա միանգամից վերցնելու է եւ բերելու է բանակցային սեղան: Ադրբեջանը հնարավոր է՝ դիմադրի, բայց նրան կստիպեն:

Եթե Ադրբեջանը դեմ լինի, որ սա մտնի օրակարգ, հավատացեք, Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից շատ լուրջ խնդիրների առջեւ է կանգնելու:

Իսկ եթե այս հարցն օրակարգ մտնի, դա արդեն Արցախի ժողովրդին միջազգային հանրության օգնությամբ հնարավորություն է տալու, որ արդեն ձգտի անկախության»,-ընդգծեց նա:

Օսկանյանը հավելեց, որ սա կարելի է անել լուրջ, չափավորության շրջանակներում, ոչ թե պատերազմի սպառնալիքի տակ, Լաչինի միջանցքի շրջափակման պայմաններում գնալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել: Սա ինձ համար անհասկանալի է: