Սթիվ Ջոբսի մահվան մասին լուրը արձագանքների ալիք է առաջացրել` նրա կարողությունները եւ տաղանդը գնահատողների շրջանում: Նրան հիշում են իր հայտնագործություններից օգտվողները, նախագահները, քաղաքական գործիչները եւ նույնիսկ մրցակիցները (ֆոտոռեպորտաժ):
Apple-ի նախկին տնօրենի համակիրները հավաքվում են ընկերության ֆիրմային խանութների շուրջ:
Նյու Յորքում, Շանհայում, Հոնկոնգում, Սիդնեում եւ այլ քաղաքներում մարդիկ հավաքվում են Apple-ի խանութների շուրջ: Նրանք բերում են ծաղիկներ, մոմեր, Ջոբսի նկարները եւ Apple-ի արտադրանքը: Սթիվ Ջոբսի` Քալիֆորնիական Պալո Ալթո տանը եւս բազում մարդիկ են հավաքվել:
Բազում սպառողներ, բլոգերներ համացանցում մեջբերում են Սթիվ Ջոբսի խոսքերը, որոնք նա ասել է 2005-ին Սթենֆորդի համալսարանի ուսանողներին: «Մահը դա կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն փոփոխությունների պատճառ է: Այն մաքրում է հինը, որոպեսզի ճանապարհ բացի նորի համար»,-6 տարի առաջ ասել է Ջոբսը:
«Պետք չէ տխրել` կյանքից հեռանալիս, բայց արժե տխրել, երբ կյանքն է լքում մեզ»,-ասել է Ջոբսը` տեղեկանալով իր մահացու հիվանդության մասին:
Ի վերջո, Twitter-ի միլիոնավոր օգտագործողներն աշխարհին հիշեցրել են Սթիվ Ջոբսի` «Stay Foolish, Stay Hungry» («Մնա խենթ, մնա սոված») խոսքերը, որը նա ասել է ուսանողներին` կոչ անելով կանգ չառնել ձեռքբերածի վրա:











