Ամերիկյան կողմը դրդում է նրան, որ Արցախը թողնենք Ադրբեջանի կազմում, չմոռանանք, որ երկու շաբաթ տեղեկություն եղավ, որ ամերիկյան կողմը խիստ հորդորներ է ուղարկում Արցախի իշխանություններին՝ համագործակցել Ադրբեջանի հետ, հակառակ դեպքում նրանք պատրաստ են անգամ ուժ կիրառել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր Երվանդ Թարվերդյանը:
«Երեկ էլ Արցախի նախագահը հայտարարեց, որ հստակ նախապայմաններ են դրած, որոնք նախատեսում են հայկական բնակչության «ինտեգրում» Ադրբեջանին, որն ընդունելուց հետո մենք կկորցնենք արցախահայությանը, նրանք կլինեն ազգությամբ հայ՝ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք միգուցե կբնակվեն Արցախի տարածքում: ԱՄՆ կառավարությանն ընդհանրապես չեն հետաքրքրում մեր ազգային արժեքները: Ինչպես ցանկացած պետություն, նա իր հարցերն է կարգավորում տարածաշրջանում: Ասեմ ավելին, ՌԴ-ն նույնպես տեղակայել է իր խաղաղապահներին զուտ իր շահերից ելնելով:
Այստեղ հատվում են գերտերությունների շահերը: Անգլոսաքսական մոդելը հրահրում է Թուրան ծրագիրը վերջնական ավարտին հասցնելը, որը վտանգավոր շղթա է ստեղծում տարածաշրջանում, որը ոչ միայն Հայաստանի համար է վտանգ ներկայացնում, հիմնական թիրախը Հնդկաստանը, Ռուսաստանն ու Իրանն են: Եվ Հայաստանը միակ ոսկորն է այդ մեծ աշխարհաքաղաքական ծրագրի կոկորդին»,-ասաց Թարվերդյանը:
Նա հույս հայտնեց, որ մեզ համար անընդունելի խաղաղության փաստաթղթի շուրջ քննարկումները, բանակցությունները դեռ երկար կշարունակվեն, եւ այն չի ստորագրվի:
Երվանդ Թարվերդյանի խոսքով, մեր պարագայում, ցավոք, բոլորն ուզում են տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, որովհետեւ տարածաշրջանում Ադրբեջանը ունենալով թուրքական մեծ աջակցությունը, այսօրվա ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պայմաններում շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում թե Եվրոպայի, թե Ռուսաստանի համար. «Ռուսական էներգակիրները Ադրբեջանում դառնում են ադրբեջանական եւ վաճառվում եվրոպական երկրներին: Եվրոպացիները գիտակցելով, որ դա ռուսական է, աչք են փակում, քանի որ դա իրենց անհրաժեշտ է, իսկ Հայաստանը գլխացավանքների պետություն է դարձել այս ճանապարհին, որը ինչ-որ առումով փորձում է պաշտպանել իր իրավունքները, չի համաձայնում միջանցք տրամադրել: Արցախն էլ դարձել է զոհաբերության առարկա: Ամբողջ աշխարհի համար արցախցու իրավունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը, առոչինչ են»,-ընդգծեց նա:











