Ինչու Արցախի հարցում չեն օգտագործվում մեր զինանոցում ունեցած գործիքները. Իշխանությունները որոշել են գնալ, հանձնել Արցախն Ադրբեջանի՞ն: Իրո՞ք: է՞ս է մեր իշխանությունների կարողությունը, է՞ս է մեր իշխանությունների ֆանտազիան: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Այս իշխանությունները մեր հարիֆի տե՞ղ են դրել, թե՞ իրենք են հարիֆներ: Հավատացեք, որ եթե կամովին հանձնեցինք Արցախն Արբեջանին, մենք կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը:

ԽՍՀՄ փլուզումից հետո 50 ինքնորոշման հարց կար միջազգային օրակարգում: Այդ 50-ի գործընթացներից որեւէ ժողովուրդ կամովին չի հրաժարվել այդ իրավունքից: Մենք լինելու ենք առաջինը, որ ինքնակամ հրաժարվելու է այդ իրավունքից եւ հանձնելու է Արցախն Ադրբեջանին:

Ավելին ասեմ, այսօր աշխարհում գոյություն ունեն 120-ից ավելի ինքնավար մարզեր 50-ից ավելի երկրներում: Այսօր տարբեր կարգավիճակներ կան, որ կարելի է ունենալ, բայց այդ խնդիրը պետք է դնել, պետք է օրակարգ բերել:

Արցախն Ադրբեջանին հանձնելը խաղաղություն չի կարող բերել: Եթե Փաշինյանը գնաց, ստորագրեց այդ փաստաթուղթը, նա ապագա կոնֆլիկտների սերմեր է ցանելու: Այդ բեռը դնելու է հաջորդ սերունդների վրա:

Մենք չենք կարող Արցախը կորցնել, բայց պետք է լինենք չափվոր, տրմաբանված, պետք է լինենք ճկուն: Այո, պետք է փոխզիջումներ անել, պետք չէ գնալ մաքսիմալիստական պահանջներ դնելու ճանապարհով: Երբ հարցը ձեւակերպվում է չափի մեջ, տրամաբանված, դու նախ խուսափում ես պատերազմից, երկրորդ, համակրանք ես ստեղծում միջազգային միջնորդներից մոտ, եւ դա նպաստում է, որ սեղանի շուրջ կարողանաս հասնել տրամաբանված լուծումների»,-ընդգծեց Օսկանյանը: