Այն, որ վերջին տարիներին շահումով խաղերը դարձել են մեր հասարակությանը ներսից քայքայող քաղցկեղային ուռուցք, կարծում եմ՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Իրենց իսկ գնահատականներով, տարեկան շրջանառությունը մի քանի տրիլիոնի է հասնում: Համեմատության համար ասեմ, որ անցյալ տարի պետական բյուջեի եկամուտները 2 տրլն 50 մլրդ-ի կարգի էին: Խաղամոլ հասարակությունը երջանիկ հասարակություն չէ, իսկ այս իշխանությունները երջանկություն էին խոստացել: Հիմա հավանաբար, գիտակցում են, որ խնդիրներ կան եւ փորձում են սանձել:
Շատ փող ունեցողները գնում, Լաս Վեգասում եւ Մոնակոյում են խաղում: Այստեղ խաղացողները նրանք են, որոնք փող չունեն, փորձում են իրենց կարիքները հոգալու համար այդ ճանապարհով գումար հայթայթել: Ես չեմ բացառում, որ այո, եւ տատիկ-պապիկների թոշակների գումարներն են գրպանում, եւ երեխաների բերնից են գրպանում: Դա հիվանդություն է, որ գլուխ բարձրացրեց հազարավոր տարիներ առաջ, բայց Հայաստանում հասավ այս սահմռկեցուցիչ աստիճանի այս իշխանությունների օրոք»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ պետք է խստացնել վերահսկողությունը եւ շատ ավելի լուրջ քայլերի դիմել. «Այստեղ միայն թույլ չտալով, որ մի քանի քարտից խաղադրույք կատարեն, արմատական լուծում չէ, որովհետեւ դու կարող ես այդ քարտից փողը կանխիկացնել, մուտք անել քո սեփական քարտի վրա: Թղթաբանությունը շատանում է, արդյունքը զրոյական է լինում»:











