Այո, քննարկումներ կան, կոնսուլտացիաներ կան: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն կամ «Հայաստան» դաշինքը քննարկում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:

Հարցին՝ ճիշտը մասնակցե՞լն է, թե՞ չմասնակցելը, պատգամավորը պատասխանեց. «Բարդ է ասել: Ճիշտը համախմբվելն է եւ  ցույց տալ, որ Երեւանը գոնե համակարծիք չէ այն քաղաքականության հետ, որն իրականացվում է: Չնայած, իհարկե, լուրջ մտավախություններ ունենք, որ կգործադրվի ամբողջ վարչական լծակը: Ես վստահ եմ, որ պետք է համախմբվել եւ թեկնածու առաջադրել, ով կկարողանա հստակ ուղերձ հղել: Չեմ կարծում, որ Երեւանի ընտրությունները զուտ կենցաղային ընտրություններ են, ամեն դեպքում քաղաքականացված ընտրություններ կլինեն: Այս պահին քննարկումներ շատ կան, այդ թվում «Հայաստան» դաշինքի շրջանակներում»;

Անդրադառնալով խոսակցություններին, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ կա պայմանավորվածություն, եւ դրանով է պայմանավորված Քոչարյանի վերջին պասիվությունը, Արթուր Խաչատրյանն անհավանական համարեց նման պայմանավորվածության գոյությունը: Նա տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ վերջին անգամ հանդիպել է մի քանի ամիս առաջ. «Բայց այնպես չէ, որ Քոչարյանի հետ հանդիպումները միշտ եղել են պարբերական: Այսինքն այն ժամանակ հանդիպում էր երեք ամիսը մեկ, հիմա արդեն 4 ամիս է: Ըստ անհրաժեշտության են քննարկումներ լինում»: