Մենք ունենք լուրջ խնդիր Արցախում: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի՝ «Սփյուռք-Արցախ-Հայաստան. համագործակցություն» թեմայով  քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«44-օրյա պատերազմը մեծ շոկային ազդեցություն է թողել հասարակության վրա, մարդկանց մոտ այնպիիս իրավիճակ է, որ նրանք անջատվել են եւ չեն ուզում իրավիճակն ընդունել: Մենք ունենք շրջափակում, որն ամեն օր բարդացնում է իրավիճակը: Մոենք ունենք դեղի խնդիր, սննդի խնդիր, վառելիքի խնդիր: Շրջափակումը ամեննավատ ռազմական վիճակն է, որից դոււրս գալը վտանգավոր է, բայց մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյա կյանքով, չեն հասկանում, որ սա վտնագավոր է եւ ընդդիմությունն է միակ տարբերակը, որ մենք կարող ենք փրկվել եւ այդ կողմից շրջափակումն ունի մեկ լավ կողմ, որ մենք բոլորս մի նավի մեջ ենք, շրջափակման մեջ բոլորս հավասար ենք»,-ասաց նա:

Վարդանյանը քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ նրանց հնչեցրած հայտարարությունների համար. «Մենք հայկական աշխարհում ունենք ավելի լուրջ մարտահրավերներ կապված ազգային արժեքներ հետ՝  Արցախը մեր գլխացավանքն է և եթե Արցախից ազատվենք, կունենանք խաղաղություն: Դրանք արմատավորվում են շատ վտանգավոր թեզերով՝  Արարատ սարն է, Նեմեսիս հուշարձանն է, բոլոր տղամարդիկ դասալիքներ են, կանայք երջանիկ չեն, եկեղեցին վատն է: Այս կողմից մենք ունենք շատ լուրջ խնդիրներ: Այսինքն Արցախը գտնվելով նման ծանր ներքին իրավիճակում, չունի այն զգացումը, որ հայկական աշխարհը հասկանում է ստեղծված իրավիճակը»,-ասաց նա:

Նախկին պետնախարարի խոսքով՝ պատերազմը չի ավարտվել, այն դեռ շարունակվում է:

«Ադբեջանը մեր դեմ 14 ձեւերով պատերազմ է  վարում: Իրենք հետեւողականորեն անում են ամեն ինչ, որ մարդիկ այստեղ հուսահատվեն, հիասթափվեն, չհավատան, որ կարող են ապրել իրենց հայրենիքում»,- ասաց նա:

Նա նշեց, որ այսօր զարգացման ծրագիր ունեն, որը 77 ուղղությունով է աշխատում, աշխատանքային խմբերն աշխատում են, արդեն տասնյակ ծրագրեր են իրականացրել։

Ռուբեն Վարդանյանը խոսել է նաև «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնք ընդգրկում են նաև առողջապահության ու ենթակառուցվածքների ոլորտները. «Մենք հասկանում ենք, որ պայքարը կարող է երկարատև լինել։ Դրա համար փորձում ենք առողջապահության ոլորտում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ոչ միայն դեղորայքի ու բուժման ապահովմանն են ուղղված, այլ նաև ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի դրանք աշխատեն առանց խափանումների։ Այդպիսին է Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արևային էլեկտրակայանով ապահովելու ծրագիրը, ինչը թույլ է տալու, որ բուժհաստատությունն այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենա՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից»:

Նա կարևորել է համագումարի մասնակից բժիշկների ներգրավվածությունն ու աջակցությունը՝ նշելով, որ շրջափակումը թեև անհնար է դարձրել ֆիզիկապես գալն ու տեղում օգնություն ցուցաբերելը, բայց դա հնարավոր է անել առցանց՝ թե՛ կրթության, թե՛ խորհրդատվության, թե՛ փորձագիտության ոլորտներում։

Այս իրավիճակում Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել անտարբեր չլինելը. «Վտանգավոր է, երբ չենք հավատում, որ այս իրավիճակում յուրաքանչյուրիցս ինչ-որ բան կախված է, չենք հավատում, որ ամեն մեկիս քայլերը շատ կարևոր են մարդկանց համար։

Իմ՝ Արցախ գալու մեջ ոչ մի հերոսություն չկա, դա նորմալ է։ Խնդիրն էլ հենց այն է, որ մենք նորմալ երևույթներից զարմանում ենք։ Եթե քո մեջ չկա զգացողություն, որ քո հայրենիքը վտանգի մեջ է, և դու պարտավոր ես անել այն, ինչ, որպես զինվոր կարող ես հայրենիքիդ համար անել, ուրեմն դա լուրջ հիվանդության նշան է: Դուք՝ որպես տարբեր երկրներից եկած հաջողված բժիշկներ, պետք է հասկանաք մի բան՝ մենք Հայրենական պատերազմի մեջ գտնվող ազգ ու պետություն ենք, որտեղ կան նաև մարդիկ, որոնք փորձում են մեզ ոչնչացնել ներսից՝ թիրախավորելով մեր արժեքներն ու սկզբունքները։ Մենք մեր անցած ճանապարհ հետ կապված հիասթափություն և հուսահատություն ունենք, բայց մենք երբեք չպետք է հանձնվենք։ Մենք դրա իրավունքը չունենք, որովհետև պարտավորություն ունենք անցած սերունդների և այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց կյանքը զոհել են մեր հայրենիքի համար, մենք պարտավորված ենք այն երեսուն հազար երեխաների համար, որոնք մեծանում են այստեղ։ Մենք պետք է վստահ լինենք, որ նրանց ապագան կլինի այստեղ՝ երջանիկ, հաջողված, ազատ ու հայկական Արցախում»։