Եթե խորհրդարանից դուրս բոլոր ուժերը «Հայաքվե»-ին միանային, այսօր ոչ թե 5-10 հազար ստորագրություն հավաքված կլիներ, այլ 50 հազար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Հետաքրքիր բառ են գտել՝ «հայաքվե»: Օրինակ, եթե ես լինեի, թույլ չէի տա, մինչեւ յուրաքանչյուր մարդ չգար եւ չապացուցեր, որ ինքը հայ է: Եթե «հայաքվե» է, ուրեմն պետք է ստորագրեն բոլոր հայերը, չպետք է ստորագրեն Հայաստանում ապրող եզդիները, քրդերը, ասորիները, հույսները, հրեաները եւ այլն: Եթե անունը դրել են «հայաքվե», մենք կարող ենք իրենց ցուցակում ոչ հայերի ստորագրությունները չհաշվել, չընդունել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ այդ նախաձեռնության հեղինակները պնդում են, որ իրենց քայլով ուզում են հասնել նրան, որ Հայաստանում որեւէ իշխանություն Արցախի եւ Ցեղասպանության հարցերում հակապետական գործունեություն չծավալի, Հակոբ Ասլանյանն ասաց. «Այս իշխանությունը ոչ Արցախի հարցում, ոչ էլ առավեւես Ցեղասպանության հարցում հակապետական գործունեություն չի վարել եւ չի վարում: Իրենք չեն էլ հասկանում՝ ինչ է նշանակում հակապետական գործունեություն: Հակապետականը այն գործունեությունը պետք է լինի, որով դու կործանման ես տանում քո պետականությունը, իսկ մենք այսօր մեր պետականությունն ամրացնում ենք: Բոլոր նրանք, որոնք ասում են՝ առանց Արցախի չկա Հայաստան, ես ասում եմ՝ ճիշտ հակառակը՝ առանց Հայաստանի չկա Արցախ: Մենք առաջին հերթին Հայաստանը պետք է ամրացնենք, որ հարկ եղած դեպքում կանգնենք Արցախի թիկունքին»:











