Հայաստանն օր օրի ոտքի է կանգնում եւ դրա վառ արտահայտությունն այն է, որ Ալիեւը գնալով ավելի է կատաղում, որովհետեւ տեսնում է, որ Հայաստանն օր օրի մեջքը ուղղում է, օր օրի մենք ուժեղանում ենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Այսօր Հայաստանն ավելի ուժեղ է, քան երեկ էր, եւ վաղն ավելի ուժեղ է լինելու, քան այսօր: Վերջերս այցելել եմ Սյունիք, շուտով Մեղրի կգնամ, այն, ինչ տեսել եմ, թույլ է տալիս ասելու, որ օր օրի ոտքի ենք կանգնում: Մեզ անհրաժեշտ է 2-3 տարի, եթե առաջիկա 2-3 տարում մենք մեր պետականությունը պահենք, ինչպես պետք է, ուրեմն առաջիկա առնվազն 100 տարին կապահովենք մեր անվտանգ կյանքը:
Միթե մեր վարչապետը միջազգային հարթակներում նույն ձեւով է խոսում, քան երկու տարի առաջ: Նրա խոսույթի մեջ իհարկե, կան նոր երանգներ»,-ասաց նա:
Հայաստանը, ըստ Ասլանյանի, հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ Ադրբեջանն էլ ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանը կգնա դրան. «Միաժամանակ, Հայաստանը հայտարարում է, որ միջազգային հանրություն, տեսեք, Ադրբեջանում գոյություն ունի հայկական համայնք, որն ազատ ինքնորոշվելու եւ ազատ ապրելու իրավունք ունի: Դուք պարտավոր եք ձեր միջազգային ամբողջ կառուցվածքով այդ հարցի լուծման կողքին կանգնել: Հայաստանը կարողանում է դիվանագիտական ճանապարհով, ինչքան հնարավոր է, դա բարձրացնել»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, իշխող խմբակցության պատգամավորն ասաց. «Արցախի բանակը բոլորս գիտենք, թե ինչի համար է եւ այդ բանակը չի զինաթափվելու: Մենք այսօր հսկայական գումարներ ենք փոխանցում Արցախին, որ Արցախը կարողանա պահել իրեն: Առայժմ այդքան ենք կարող կանգնել Արցախի թիկունքին»:











