Լոռիի մարզում, հոկտեմբերի 5-ի երեկոյան, ժամը 20:30-ի սահմաններում գայլերի հերթական հարձակումն է տեղի ունեցել: Նշենք, որ այս տարի, մարզում գայլերն ակտիվացել են ու նրանց հարձակումները սովորական բնույթ են կրում:
Այս անգամ դեպքը գրանցվել է հենց Վանաձորում` «Սարի թաղ» կոչվող թաղամասում: Գայլը հարձակվել է Սարի թաղի 2-րդ փողոցի 7-րդ տան բնակչուհի Գրետա Թաթոսյանին պատկանող հոտի վրա ու հոշոտել 21 այծից 14-ին, որոնք արածում էին տնից 100 մետր հեռավորության վրա:
Այծերն այս ընտանիքի համար եկամտի միակ աղբյուրն են եղել, եւ տանտիրուհին հուսով է, որ գոնե կրած վնասի դիմաց դրամական փոխհատուցում կստանա: Դեպքի մասին նրանք տեղյակ են պահել Լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությանը: Վնասված չեն այծերից միայն 6-ը, իսկ հոշոտված այծերից հնարավոր է եղել գտնել 6-ին, մնացած 9-ին գայլերը սար են տարել:
Թե որքան նյութական վնաս է կրել Թաթոսյանների ընտանիքը դրամական առումով, տանտերերը չեն կարող ասել, սակայն ըստ իրենց, այծերից ամեն մեկը մոտ 25 հազար դրամ արժողություն ուներ: Տանտերերն այսօր էլ տան մոտակայքում գայլերի են նկատել, եւ կարծում են, որ այս գիշեր եւս հարձակում կլինի:














