Բոլորս միակարծիք ենք, հասկանում ենք, որ համաժողովրդական  շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը և այդ ժամանակ բոլորս միասնաբար առանց տարբերակման՝ պաշտոնատար անձ,  պետական ծառայող, մեկ անձի պես ամբողջ ժողովուրդը միասնաբար մասնակցելու է համաժողովրդական շարժմանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, «Միջանցքի ապաշրջափակմանժողովրդական շարժման» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Պետական ծառայողները գուցե ինչ-որ տեղ պաշտոնական լիազորություններով պայմանավորված  զսպվածություն են ցուցաբերում, բայց համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայող, ոչ ծառայող տարբերակում չի լինելու, մեկ մարդու պես ժողովուրդը միասնաբար մասնակցելու է համաժողովրդական շարժմանը»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ առաջիկա օրերին ավելի մեծ մասշաբի ակցիա են իրականացնելու, որի մասին նախապես կհայտարարեն։

Նշենք, որ Ստեփանակերտում «Միջանցքի Ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբ»-ի նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ հանրային գործիչ Արթուր Օսիպյանն ասել է, որ Ադրբեջանը հստակ նշում է իր նպատակը՝ Արցախի ժողովրդին սովի մատնել և ստիպել ինտեգրվել։ «Միակ ելքն  ամեն գնով միջանցքը բացելն է»,- նշել է նա՝ հավելելով, որ եթե ռուս խաղաղապահները չապահովեն իրենց անվտանգությունը՝ միջանցքը բացելու ժամանակ, ապա իրենք օդանավակայանը կվերցնեն իրենց վերահսկողության տակ եւ ռուս խաղաղապահներին կզրկեն մատակարարումների հնարավորությունից: