Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախի ընդգրկմամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, առայժմ տեղի է ունենում խորամանկ խոսքերի փոխանակում։ Նա նկատել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 86 600 քառակուսի կիլոմետր բառերը ոչ մի անգամ չի արտաբերել, այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ անգամ արտասանել է 29 800 քառակուսի կիլոմետր կապակցությունը, չնայած արդեն այդ 29 800 կիլոմետրը չկա։
Իսկանդարյանը դա անվանել է մի ինչ-որ գործընթաց, որտեղ բանակցային գործընթացները հայկական էլիտաները տեսնում են որպես ռիսկերը նվազեցնելու միջոց, սա է հենց խնդիրը։ «Եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ապա, համենայն դեպս, ճնշումը Հայաստանի վրա կնվազի կամ կանհետանա։ Բայց ես դրանում վստահ չեմ։ Քի՞չ են աշխարհում ճանաչված պետությունները՝ Սիրիայից մինչեւ Ուկրաինա։ Ադրբեջանը ճնշում է, ոչ այն պատճառով, որ ինքը ճիշտ է, այլ որովհետեւ նա այդ հնարավորությունն ունի»,- ընդգծել է նա։
Իսկանդարյանի կարծիքով՝ այդ ճնշումը դադարեցնելու համար պետք է, որպեսզի Ադրբեջանի հնարավորությունները քչանան։ «Ես չեմ ասում, որ Հայաստանում ոչինչ չի արվում։ Ես տեսնում եմ, որ փոքր բախումներում, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում, Ադրբեջանի համար արդեն դժվար է։ Այսինքն՝ որոշ աշխատանք այդ մակարդակով կատարվում է, բայց փոքր։ Խոշոր՝ դեռ չկա»,- ավելացրել է փորձագետը։
Կտրուկ ինչ-որ քայլերի դիմելը՝ ռիսկերն ավելացնելու նպատակով, քաղաքագետն անվանել է չափազանց վտանգավոր։ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է պետության սուբյեկտայնության բարձրացման կարեւորությունը, հայկական պետությունը պետք է ոչ միայն հայցելու, այլեւ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկելու հնարավորություն ունենա։











