Համոզված եմ, որ պաշտոնական Երևանը պետք է պաշտոնապես արձագանքի Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Աղդամի ուղղությամբ հումանիտար աջակցություն տրամադրել Արցախին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Ինձ թվում է՝ Երևանը պետք է անպայման անդրադառնա դրան և ասի, որ սա անընդունելի է, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ ինչ-որ հարցեր կան այստեղ: Աղդամի ճանապարհը նույնացնել Բերձորի միջանցքի հետ, բոլոր տեսակետներից սխալ է, ավելին, սա քանդում է 2020 թվականի փխրուն հավասարակշռվածությունը կամ այն իրավիճակը, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով: Միշելի այլասերված գաղափարները անընդունելի են: Համոզված եմ, որ պաշտոնական Երևանը պետք է պաշտոնապես հայտարարի, ինչ է, ուրեմն չե՞ն կարողանում հայտարարել, որ անընդունելի է Միշելի հայտարարությունը: Չգիտեմ՝ ինչու Երևանը չի արձագանքում: Հասարակությունը շատ վատ է ընդունում այն, որ արձագանք չկա»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով նրան, որ բրյուսելյան եռակողմ հանդիպումը Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման առումով որևէ արդյունք չի տվել, և հարցին՝ ինչո՞ւ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը հնարավոր չի եղել այս հարցում որևէ առաջընթաց ունենալ, Բաբայանն ասաց.

«Դժվար է ասել, որովհետև ԵՄ-ն հանդես է գալիս աշխարհաքաղաքական տեսակետից, և Ադրբեջանն էլ մաքսիմումն է ուզում ստանալ այս իրավիճակում: Ադրբեջանը տեսնում է, որ հայոց պետականությունը թույլ է, որ հայ հասարակության մեջ լուրջ խնդիրներ կան, կա անհամախմբվածություն: Ադրբեջանն մեր այս ծանրագույն պայմաններին էլ արդեն համաձայն չէ, նա ավելի շատ է ուզում: Թեպետ Ադրբեջանը գիտի, որ ինքը մեզ չի հաղթել, այլ մենք ենք մեզ պարտվել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ հայկական կողմը առաջարկին համաձայնություն է տվել, Բաբայանն ասաց. «Եթե համաձայնության եկած լինեին, ապա Ադրբեջանը որպես ինդիկատոր անմիջապես կխոսեր դրա մասին»:

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նստացույց հայտարարելու մասին որոշմանը՝ Բաբայանն ասաց. «Նստացույցը կոչ է աշխարհին: Ես, իհարկե, ունեմ իմ մոտեցումներն ու պատկերացումները, բայց չխոսենք այդ մասին: Սրանով որոշ պատգամներ են ուղարկվում հայ հասարակությանը, միջազգային հանրությանը: Այնուամենայնիվ նստացույցներով չէ, որ այս ամենը պետք է լուծվի: Տասնյակ հազարավոր մարդիկ Ստեփանակերտից մինչև Իվանյան այցելել են, իրենց բողոքի ձայնն են բարձրաձայնել և՛ հայ հասարակությանը, և՛ ռուս խաղաղապահներին, սա կարծում եմ՝ պետք է համապատասխան ազդակներ ունենա, տեսնում ենք, որ որոշ տեղերում դա հաշվի է առնվում»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի այն հայտարարությանը, որ Արցախի հարցում իր ազդեցությունը նվազել է և իր ձեռքերը ասես՝ կապված են այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը համաձայնել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, Բաբայանն ասաց.  «Այդ հայտարարությունը սարսափելի էր: Ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ նման մոտեցում չի ցուցաբերել, սա բացառիկ երևույթ է: Արցախը որևէ մեկը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, առավել ևս Հայաստանի կառավարություն: Հիմա ի՞նչ է Ռուսաստանը հիմք չունի՞ նման հայտարարություն անելու: Ի՞նչ է նշանակում նման հայտարարություն անել, երբ հակամարտությունը կարգավորված չէ: Սա իրավիճակից բխող իրավիճա՞կ է, ես չեմ կարծում: Եթե մեկը մտածում է՝ Արցախից կպրծնենք, Հայաստանը կփրկվի, ապա՝ ոչ, չի լինելու այդպիսի բան»: