Մենք պատժամիջոցների հարցով լիարժեք կապի մեջ ենք և համագործակցում ենք և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ, որպեսզի կարողանանք դրսևորել միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցչի պահվածք: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, «Ֆրանս-պրեսս» գործակալության հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը երաշխավորելու համար, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվում Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու նպատակով՝ հաշվի առնելով, որ «Հայաստանը դարձել է մեքենաների հիմնական վերաարտահանողը դեպի Ռուսաստան»։

«Ձեզ համար կարող է տարօրինակ հնչել, բայց մենք այս հարցում էլ թափանցիկ ենք: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, և բնականաբար, առաջին օրերից էլ հասկացել ենք, որ սանկցիաները, որոնք կիրառվում են Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ, որոշակի խնդիրներ են առաջացնելու, հասկացել ենք նաև, որ Ռուսաստանը նաև մեզնից որոշակի ակնկալիքներ է ունենալու, որպեսզի օգնենք այս բարդ տնտեսական միջավայրում, ինչքանով կարող ենք օգնել, որովհետև պատկերացրեք Հայաստանի ծավալները, Ռուսաստանի ծավալները:

Եվ հասկացել ենք նաև, որ Արևմուտքն էլ է ակնկալելու, որպեսզի իրենց աջակցենք՝ սանկցիաների ռեժիմը պահպանելու համար: Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ խոսելիս ասել ենք հետևյալը՝ մենք հասկանում ենք ձեր ակնկալիքը և պատրաստ ենք հասցեագրել ձեր ակնկալիքը, բայց մինչև այն կետը, երբ Հայաստանի համար կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ, որովհետև եթե Ռուսաստանի նման անծայրածիր պետությունը կարող է իրեն թույլ տալ սանկցիայի տակ հայտնվել, Հայաստանն, առավել ևս այս ռազմաքաղաքական միջավայրում, չի կարող իրեն նման բան թույլ տալ: Եվ մենք այս նույն տեքստն ասել են նաև Արևմուտքին: Դա ապացուցվում է նրանով, որ ես սա ասում եմ տեսախցիկների առաջ»,– ասել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով, Հայաստանը հենց այս կանոնով էլ աշխատում է, որը, նրա կարծիքով, լիգիտիմ դիրքորոշում է։

«Սակայն կան նաև ոչ անհայտ ուժեր, ովքեր անընդհատ եվրոպական և ամերիկյան մամուլում մեծ լոբբինգ են անում՝ ցույց տալու համար, որ Հայաստանը սև խորշ է այդ առումով, բայց մենք պաշտոնական մակարդակում այս պահի դրությամբ չունենք ոչ մի պահանջ Եվրամիության և ամերիկյան գործընկերներից, Ռուսաստանից էլ, որովհետև չենք ուզում խորամանկել մեր գործընկերների հետ, պարզ ասում ենք, և կարծում եմ, մեր դիրքորոշումը լեգիտիմ է։

Սա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական է: Նախ պետք է այդ էլ արձանագրեմ՝ սանկցիաների ռեժիմները շատ հաճախ փոփոխվում են: Եվ իրականում մասնավոր հատվածն է ապրանքներ տանող-բերողը: Մենք առավելագույնն անում ենք, որպեսզի ամեն ինչ լինի այն կանոնի շրջանակում, ինչ ես քիչ առաջ ասացի: Եվ իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով, այլ նաև մեր միջազգային գործընկերների կարծիքով էլ, մենք դա կարողանում ենք անել և շարունակելու ենք»,– ասել է Փաշինյանը: