Երկու տարբերակ կա. կամ մարդիկ տեսական են մոտենում՝ չհասկանալով, թե դա ինչ է, կամ էլ հատուկ ինչ-որ ծրագիր կա՝ արագացնելու պրոցեսները, որոնք անդառնալի կորուստների են բերելու մեզ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին ԱԳ նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսությանը:

«Ինչի՞ մասին մենք պետք է խոսենք Ադրբեջանի հետ, ես ուզում եմ հասկանալ: Նրանք ասում են՝ դուք չկաք, Ալիեւը ծաղրում է Արցախը, Հայաստանն էլ հետը, ասում է՝ սա ազգ չի, «զբռոդ» է: Այդ մարդն իր բերանով ամեն ինչ տեղը տեղին ասում է, ավելին՝ աչքներս է կոխում եւ ասում է՝ մինչեւ 2020 թվականը բոլորը ստիպում էին, որ ճանաչենք Արցախը կամ հարգենք ինքնորոշման իրավունքը, իսկ հիմա ասում է՝ թքած ունեմ: Նա ասում է, որ ամեն ինչ կարելի է փոխել, եթե հայրենասեր ես ու արժանապատվություն ունես: Դժբախտբար, իրենց հայրենասիրությունն ու արժանապատվությունը մեզ համար մահացու վտանգ է, իրենք այդպես են հասկանում հայրենասիրությունը:

Ինչի՞ մասին խոսենք, գնանք, ասենք՝ կապիտուլյացիայի ենք ենթարկվո՞ւմ, արի մեզ սպանի, բռնաբարի՞: Եթե դա է խնդիրը, ավելի լավ չի՞ տղամարդավարի գնանք զոհվենք: Այն օրն էլ Հայաստանի ԱԺ մի պատգամավոր, մի անհասկանալի ծերուկ, ասում էր՝ դե 70 տարի Ադրբեջանի կազմում ապրել են էլի: Եթե սա է այս ժողովրդի պատկերը, մենք ի՞նչ անենք: Լավ, գնացինք Ադրբեջանի հետ խոսելու, ասեցին՝ կապիտուլյացիայի ենթարկվեք, ցրեք ձեր ԱԺ-ն, նախագահականը, բանակը, ստացեք Ադրբեջանի անձնագրեր, բայց մինչ այդ 5 հազար հոգու պետք է գնդակահարենք, 15 հազար մարդու պետք է ցմահ բանտարկենք: Դա՞ է ձեր ուզածը:

Մենք միշտ կողմ ենք բանակցություններին, բայց երբ մարդիկ ասում են՝ մենք չենք ուզում ձեզ հետ բանակցել, դուք չկաք մեզ համար, գնանք իրենց հետ ի՞նչ խոսենք»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա շարունակեց. «Ադրբեջանի ղեկավարն ասում ՝ ոչ մի բան չենք քննարկելու, մենք հաղթող ենք, նվաստացրել, փալաս ենք սարքել սրանք, ամեն անգամ ոտքներնս սրբում ենք դրանց վրա, ինչի՞ համար պետք է հետները խոսենք: Արդեն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, մի բան, որ անհնարին էր պատկերացնել: Սա պատմական ամոթանք է մեր ազգին: Էս ենք մենք: Հիմա պետք է վերջնական հասկանանք՝ սա ա՞զգ է, թե՞ իսկապես  «զբռոդ» է դարձել:

Նախ պետք է տեսնենք, թե հայ ժողովրդի մոտ գոնե մի փոքր արժանապատվություն մնացել է, թե՞ ոչ: Կարող է պարզվի, որ սա արդեն ազգ չի, փորի համար պատրաստ է ամեն ինչ ծախել, ընդանրապես չի հարգում իր պատմությունը: Այդ դեպքում մենք պետք է շատ արագ իրավիճակից ելնելով քայլեր անենք»: