Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի իրավիճակը դժվարացնում է բանակցային գործընթացը։ Այս մասին ասել է Հայաստտանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ռուսաստանյան և ադրբեջանական գործընկերների հետ հանդիպմանը։
«Ցավոք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դժվարացնում է գործընթացը։ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամ է, որը շատ մոտ է իսկական հումանիտար աղետի վերածվելու։ Իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է, Լեռնային Ղարաբաղ սննդամթերք և դեղամիջոցներ չեն մտնում, բացի այդ անջատված է գազը և էլեկտրաէներգիան»,- նշել է Միրզոյանը։
Նա հայտարարել է, որ եթե Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը, ապա հումանիտար աղետն իր բացասական հետևանքները կունենա նաև բանակցային գործընթացի վրա։ Նա միաժամանակ ընդգծել է, որ իր կողմից Հայաստանը կառուցողական է տրամադրված։
Ըստ Միրզոյանի, օրակարգի բոլոր հարցերով հանդիպումներն ու բանակցությունները բավականաչափ ինտենսիվ են։ Մի քանի հարցերում կան կոնկրետ արդյունքներ և կան մյուսներում համաձայնության գալու հեռանկարներ, բայց կան նաև խնդրահարույց հարցեր, որոնցում դիրքորոշումները տարբեր են։











