Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը և Հայաստանը կշարունակեն աշխատել հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, 2023 թվականին նախատեսվում է երեք երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների մեկնաբանության մեջ, որ  հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Մենք կշարունակենք ակտիվ աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, այդ թվում նախատեսվում է  այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական  գագաթնաժողովն անցկացնել», - ասել է նա։

Ռուսական կողմն առաջարկել է նաև խորհրդարանականների   եռակողմ երկխոսություն սկսել։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կլինի Բաքվի և Երևանի միջև մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը։

«Մենք ակնկալում ենք, որ այս համաձայնագրի ստորագրումը կլինի մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը, որը կամփոփի հայերի և ադրբեջանցիների ջանքերը, որոնք նախաձեռնվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ժամանակ»,- ասել է նա։