Ես չեմ կարծում, որ վերջին պահին Լավրովի օգնականը իրեն պետք է ինչ-որ բան հուշեր, դա պատահական չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով նրան, որ Մոսկվայում բանակցություններից առաջ միկրոֆոնը միացված էր եւ լսվել է, թե ինչպես է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի օգնականը նրան ասում, որ ԼՂԻՄ արտահայտությունն օգտագործելու դեպքում դա կարող է դուր չգալ Ադրբեջանին:

«Դրա շարունակությունը կա, շարունակությունն այն է, որ ցանկալի է, որ դա հայկական կողմն օգտագործի: Ես բացառում եմ, որ դա պատահական խոսակցություն եղած լինի: Նման հանդիպումներում պատահականություններ չեն լինում: Դրանով նա Արցախի մեր հայրենակիցներին, Հայաստանի քաղաքական ընդդիմությանը հուշում էր այն միտքը, որը ժամանակին արտահայտել է ՌԴ նախագահը:

Երբ իշխանությունները հայտարարում էին, թե տեսեք, ՌԴ նախագահը եւս Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, մինչդեռ Պուտինն ասում էր, որ ԼՂ-ն որեւէ պետության կողմից չի ճանաչվել, այդ թվում Հայաստանի կողմից եւ միջազգային իրավունքի տեսանկյունից ԼՂ-ն համարվում է Ադրբեջանի մաս»,-ասաց ռազմական փորձագետը:

Նա հայտարարեց, որ Ադրբեջանն ապօրինի ձեւով է դուրս եկել ԽՍՀՄ կազմից, հանրաքվե չի արել. «Ըստ իրավական կարգի, այն հանրապետությունում, որտեղ կար ազգային փոքրամասնությունների  որոշակի կարգավիճակ ունեցող միավոր, ինչպիսին օրինակ ԼՂԻՄ-ն էր, այդ սուբյեկտները կարող էին հանրաքվե անել, քանի որ կարող է չցանկանային այդ հանրապետության հետ միասին դուրս գալ ԽՍՀՄ կազմից: Հետեւաբար, այն ժամանակվա օրենքնորվ ԼՂԻՄ-ը կարող է դառնալ, օրինակ, Բելառուս-Ռուսաստան նոր միության միավոր»:

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է համոզի Ստեփանակերտին երկխոսության մեջ մտնել Բաքվի հետ, եւ ադրբեջանցիները, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում, պետք է վերադառնան Հայաստան, Հայկ Նահապետյանն ասաց. «Խորհրդային ժամանակ ԼՂ հայերը Ադրբեջանում կարգավիճակ են ունեցել, իսկ Հայաստանում ադրբեջանցիները որեւէ կարգավիճակ չեն ունեցել, հետեւաբար այդ երկուսը նույն հարթության վրա դնելը ճիշտ չէ: Ռուսաստանը մեր ընդդիմությանը եւ Արցախին հուշում էր, որ դուք պետք է հենվեք ԼՂԻՄ-ի եւ դրա հետ կապված իրավունքների պաշտպանության վրա, այդ ժամանակ կունենանք առավելություն»: