Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ մի բառ չասաց Բաքվում ապրած հայրերի մասին, որովհետեւ մեր հայրենակիցները երբեք չեն վերադառնալու Բաքու, իսկ Հայաստանում նախկինում ապրած ադրբեջանցիները անպայման վերադառնալու են եւ ապրեն թուրք-ադրբեջանական երաշխավորության տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Շնորհավորում եմ Արարատի, Տավուշի եւ այլ մարզերի բնակիչներին, որոնք քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին։ Նիկոլ Փաշինյանի գրչի մեկ հարվածով իրենք կորցնելու են իրենց տները, այնտեղ վերադառնալու են ադրբեջանցիները, շնորհակալություն են հայտնելու, որ իրենց բները սարքել են լավ տներ, մենք մեր պետությունը հանձնելու ենք արդբեջանիցիներին։ Ցանկացած պահի ձեր կողմից ընտրված վարչապետը մեկ ստորագրությամբ ձեզ անակնկալ է մատուցելու»,- ասաց Թարվերդյանը։
Թարվերդյանի կարծիքով՝ Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումներում եղած հակասություններն օրեցօր ակնառու են դառնում։ Գուցե Արցախում կան Հայաստանի իշխանության կամակատարներ, որոնք ցանկանում են իրականացնել այստեղի իշխանության պատվերները, սակայն հասարակության շրջանում բողոքն ակնհայտ է։
«Արցախի հանրահավաքները շատ ողջունելի են, բայց մինչեւ այդ քաղաքացիական շարժումը չդառնա քաղաքական, արդյունքի չի հասնի։ Իսկ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, որովհետեւ չի տիրապետում իրավիճակին, դրա ապացույցն էլ իր նստացույցն էր»,- նշեց Թարվերդյանը։
Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանը նույնպես պետք է հեռանա, քանի որ իր ասուլիսով ապացուցեց, որ այլեւս չի կարողանում կառավարել երկիրը, չի տիրապետում միջազգային օրակարգին։
«Ինչո՞ւ է ինքը երկիրը հասցրել մի իրավիճակի, երբ պատրաստ է զոհաբերել Արցախը հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Եթե կարծում է, որ Արցախն ինքնուրույն պետք է բանակցի, ապա ինչու էր տարիներ առաջ ասում՝ Արցախը Հայաստան է, ինչու է հիմա որոշում, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ինքը շատ հանգիստ ասում է՝ կարող ենք պետականություն կորցնել, եթե նման խնդիր կա, ուրեմն՝ այս իշխանությունն իրավունք չունի երկիրը կառավարելու, պետք է հեռանան»,- նշեց Թարվերդյանը։
Թարվերդյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հասցեական նշի, թե ովքեր են Լաչինի ճանապարհում փոփոխություններ կատարել, ովքեր՝ 50/50 գործարքներ արել ադրբեջանցիների հետ։
«Այս ամենի փոխարեն, քաղաքացիների հուզող հարցերի պատասխանները տալու փոխարեն հինգ ժամ հումոր էր անում, անեկդոտներ պատմում Սպարտակի մասին։ Երկրի գլխին սուր է կախված, ինքն ասուլիսը սառնասրտորեն վերածում է հումորի։ Այն պետությունները, որոնք ղեկավարները կրկեսի են վերածում, կորցնում են ամեն ինչ, սա փաստ է, որը մենք տեսնում ենք Ուկրաինայի օրինակով»,- ընդգծեց Երվանդ Թարվերդյանը։
Թարվերդյանի համար անհասկանալի է՝ ինչու է 400 տոննա օգնությունը Հայաստանը միայն այսօր ուղարկում Արցախ՝ աղմկահարույց ասուլիսից հետո։











